Search
Close this search box.

Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում հենց Անիի կամրջի մասով․ ԱԳ նախարար

Հայաստանն ու Թուրքիան այժմ արձանագրություններ են փոխանակում Անիի պատմական կամրջի մասով։ Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Երևանն ու Անկարան պայմանավորվածություն էին ձեռք բերել Անիի կամրջի համատեղ վերանորոգման մասին։

«Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում հենց Անիի կամրջի մասով, որպեսզի տեսնենք, թե ոնց է այդ աշխատանքը հնարավոր օպտիմալ կերպով կազմակերպել»,- նշեց Միրզոյանը։

Անդրադառնալով ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայամանավորվածությանն՝ արտգործնախարարն ընդգծեց, որ մասնակի բացումը մինչ օրս իրականացված չէ։

«Թեև նոր նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել այս պայմանավորվածությունը», — ասաց Միրզոյանը՝ հավելելով ավելի ուշ մանրամասնել։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը 2022 թվականի հունիսի հանդիպման արդյունքներով պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սահմանը, սակայն, այս ընթացքում բացվեց մեկ անգամ այն էլ բեռնատարների համար, որոնցով Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն էր ուղարկում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին։

Օրեր առաջ Միրզոյանը Անթալիայում Anadolu լրատվական գործակալության տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում։

«Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը», — ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ նշել է Միրզոյանը:

Please enter a valid URL