Search
Close this search box.

«Զանգեզուրի միջանցքի» հարցը փակենք հանրաքվեով

Վերլուծություն

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՀԱՐՑԸ ՓԱԿԵՆՔ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ
14 Մարտ 2024 | 21:150
Facebook Twitter

Հետեւում եմ իշխանությունների գործողություններին ու զարմանում: Երեք տարի շարունակ նրանք անընդհատ հիշեցնում են մեզ «Զանգեզուրի միջանցքի» պահանջի մասին: Չնայած կարող էին լռել` համարելով, որ մերժելուց հետո այդ թեման փակված է այլեւս: Կամ էլ այդ մերժումն անել այնպիսի կտրուկ ձեւով, որ հարցեր չմնան: 

Դրսից հետեւողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ինքը հետեւում է սեթեւեթող աղջկա եւ նրան անպարկեշտ առաջարկություն արած տղամարդկանց՝ երեք տարուց ավելի տեւած սիրավեպին: Եվ անհասկանալի է, թե ինչու չկա այդ կտրուկ մերժումը: Այն պատճառով, որ այդ «տղամարդիկ» հայտնի են իրենց բռնարարքներով, չարակամ են` վախենալո՞ւ, թե՞ այն պատճառով, որ «աղջկա» միտքը ծուռ է, եւ հոգու խորքում նա համաձայն է զիջել: Ի դեպ, եթե նայենք Հայկական ՍՍՀ քարտեզին, իրոք սիրուն աղջիկ կտեսնենք: 

Իսկ տղամարդիկ իրոք որ շատ վտանգավոր են: Նրանցից մեկը ոչ միայն սպառնում է վրեժխնդիր լինել ու դիմել բռնության, այլեւ արդեն իսկ բռնանալու մի քանի փորձ է արել, ինչը, բարեբախտաբար, կանխվել է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից: Հերթական հանդիպման ժամանակ մյուսը եզրակացրել է, որ երեւի թե պետք էր այլ խոսքերով ձեւակերպել առաջարկը: Եվ դա է եղել իրենց սխալն ու մերժման պատճառը:

Մեր լրատվամիջոցները նույնպես 3 տարի շարունակ մեզ են փոխանցում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի պաշտոնյաների հիշեցումներն այդ «միջանցքի» եւ եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի մասին: Մինչդեռ այդ տարօրինակ փաստաթղթի` մեզ վերաբերող կետերը չեն կատարվել: Տարօրինակ, որովհետեւ կրակի դադարեցման մասին փաստաթղթերը ստորագրում են գեներալները, այլ ոչ թե երկրների ղեկավարները: Բացի այդ, այն չի հաստատվել ԱԺ-ի կողմից: Ինչը պետք է արվեր թեկուզեւ այն պատճառով, որ այդ փաստաթղթի 9-րդ կետով պետք է կատարվեր ՀՀ տարածքի փոփոխություն: Հետեւաբար, «Զանգեզուրի միջանցքի» հարցը պետք է դրվեր հանրաքվեի: Ինչի մասին չեն խոսում, եւ որի անցկացման դեպքում հայաստանցիները հաստատ դեմ կքվեարկեին այդ «միջանցքի» տրամադրմանը, եւ հարցը կհամարվեր փակված: Փոխարենը խոսում են նոր Սահմանադրության համար իրականացվելիք հանրաքվեի մասին: Իսկ թե այդ նորի մեջ մնալո՞ւ է արդյոք ՀՀ տարածքի փոփոխության հարցը հանրաքվեի դնելու մասին պահանջը, չի ասվում: 

Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջամտության շնորհիվ այսօր 99 տոկոսով բացառված են Ադրբեջանի կամ Թուրքիայի հարձակումն ու Սյունիքի գրավումը: Աստված նույնպես մեզ աջակցում է, մասնավորապես, հայաստանցիներին շնորհել էր տաք ձմեռ՝ փրկելով գազի մատակարարման հետ կապված անախորժություններից: Հայտնեմ նաեւ, որ գազի գնի բարձրացման մասին վախերը սին են, որովհետեւ, 2022 թվականին կնքված պայմանագրի համաձայն, Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանին տասը տարի պետք է մնա անփոփոխ:

Բայց ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար, այլ այն պատճառով, որ Հայաստանն այդ ժամանակահատվածում «Գազպրոմին» պետք է վճարի շուրջ 350 մլն դոլար՝ այդ ընկերության նկատմամբ «նախկինում չկատարված պարտավորությունների» համար: Այդ գումարը կա՝ Հայաստանն առաջարկել է այդ պարտքի փակման համար օգտագործել Ռուսաստանին փոխանցված մի քանի հարյուր միլիոն դոլարը, որը նախատեսված էր որպես կանխավճար զենքի համար, որն այդպես էլ չմատակարարվեց: Այնպես որ, հայաստանցիների հանդեպ բռնարարքներ կատարելու հնարավորությունները խիստ քչացել են: 

Հետեւաբար, ժամանակն է վերջ տալ հաճոյախոսությանը եւ հայաստանցիներին վերջնական եւ կտրուկ պատասխան տալու հնարավորություն ընձեռել: Դրա համար, եթե իշխանությունների միտքը ծուռ չէ, անհրաժեշտ է այդ հարցը դնել հանրաքվեի: Թող ժողովուրդը որոշի՝ համաձա՞յն է արդյոք հրաժարվել Իրանի հետ սահմանից, ինչը կդարձնի Հայաստանն առավել անպաշտպան ու խոցելի, թե՞ ոչ: Հիշեցնեմ, որ «միջանցքը» զիջելու դեպքում աշխարհի հետ մեր կապը հնարավոր կլինի իրականացնել միմիայն Վրաստանի տարածքով:

Գրիգոր Էմին-Տերյան
 

Please enter a valid URL