Մինչ հայ հասարակությունը շփոթված խրվել է «Լադանիվա» խմբի անվան «հայեցիության» խնդրի քննարկման և Տավուշում հայկական տարածքների վերահաս հանձնման միջև, մեր կողքին տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մոտ ապագայում կարող են ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի իրական, այլ ոչ թե «թավշյա վարդագույն» ապագայի վրա։
Եվ այսպես, օկուպանտ երկրի մայրաքաղաք Բաքվում անցկացվում է Բաքվի տասնմեկերորդ Գլոբալ Ֆորումը, որտեղ հնչել են մի քանի հայտարարություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում են Հայաստանին։
Ես հիմա չեմ քննարկելու ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի ղեկավար Իլհամ Ալիևի հայտարարություններն առ այն, թե իբր «տարածաշրջանում խաղաղության հաստատման շանս» է ձևավորվել Արցախի օկուպացիայից հետո (չմոռանանք, որ «խաղաղությունը» Ալիևի հասկացողությամբ նշանակում է Հայաստանի կողմից թուրք-ադրբեջանական պայմանների լիակատար և անվերապահ կատարում, այսինքն՝ մեր երկրի փուլային ոչնչացում)։
Այս համատեքստում շատ ցուցադրական է Թյուրքական Պետությունների Կազմակերպության աքսակալների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմի ելույթը, ով հայտարարեց, որ Հայաստանը պետք է պետական Զինանշանից հեռացնի Արարատ լեռան պատկերը և վերանայի իր Սահմանադրությունը: Թուրք Յըլդըրըմի հայտարարությունը զարմանալի չէ, զարմանալի է (չակերտավոր) այլ բան։ Հայկական իշխանությունը «երդվում է», որ Սահմանադրությունը փոխելու իր որոշումը Հայաստանի իշխանությունների զուտ ներքին, անկախ, սուբյեկտային որոշումն է, սակայն, ինչպես տեսնում ենք տարօրինակ (կրկին չակերտավոր) զուգադիպությամբ, իբր, հայկական իշխանությունների ինքնիշխան որոշումները, գրեթե միշտ բառ առ բառ կրկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։
Ինչպե՞ս է դա այդպես զուգադիպում։ Հը՞ն:
Գուցե իշխանությունն, այնուամենայնիվ, ավելի համոզիչ բացատրություն հորինի ստեղծված խայտառակ իրավիճակի բացատրության մասով։
Արման Աբովյան