Search
Close this search box.

Գագիկ Սարգսյանը կալանավորվեց ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու վերաբերյալ գործով

«ՔՊ»-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու վերաբերյալ գործով ձերբակալված դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ կալանավորելով Սարգսյանին մեկ ամիս ժամկետով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Վահե Եփրիկյանից։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձ, որոնցից երկուսի նկատմամբ արդեն կալանք է կիրառվել որպես խափանման միջոց։

Գագիկ Սարգսյանի պաշտպան Վահե Եփրիկյանը հայտնել է, որ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին, մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե Գ. Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, իսկ ՔԿ-ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե «ահաբեկչական դեպքերը բացահայտվել են», խստագույնս չափազանցված է։

Please enter a valid URL