Search
Close this search box.

Հայաստանը ծանրագույն վիճակի մեջ է, ականապատ դաշտի մեջտեղում ենք․ մեզանից խելամտություն է պահանջվում

Ստերջանալու պա՞հը

Հայաստանը կարիք ունի դեէսկալացիայի և ստրատեգիական համբերության։ Սա է պետական մտածողությունը։ Մնացածն արկածախնդրություն է։ Կանենք դա գրագե՞տ ձևով, թե՞ ամեն ինչ զիջելով, հարցը սա է։
Բայց այս փուլի կարևորագույն բնորոշիչն այն է, որ Հայաստանը պարտադրված է լինելու կայացնել բարդ որոշումներ, այդ թվում՝ երկարատև ազդեցության։ Պարբերաբար դժվար ընտրության խնդիր է լինելու, և որոշումները պետք է կայացվեն, հակառակ դեպքում մեզ չեն սպասելու, և ուրիշները դրանք մեր փոխարեն են կայացնելու։
Գործող իշխանությունն իր քայլերով ոչ միայն մեզ, այլև՝ ողջ տարածաշրջանն է տանում լարվածության, պատերազմի ռեալ հավանականությամբ։ Պատերազմ, որը լինելու է մեր տարածքում։ Եթե մենք հիմա չբռնենք մեր իսկ իշխանության ձեռքը, ապա վաղը ոչ մի օտար իշխանության մեղադրելու իրավունք չենք ունենալու։ Մոսկվայից, Լոնդոնից, Վաշինգտոնից, Բրյուսելից, Թեհրանից հնչող ձևակերպումները 100 տոկոսով հաստատում են այս ամենը։ Եթե նկատել եք, արևելյան խոհեմությամբ այս պահին լուռ են Անկարան ու Բաքուն. նրանք համբերատար հետևում են Հայաստանի սխալների կուլմինացիային, որ հենց այդ պահին անեն իրենց պլանավորածը։

Ի՞նչ պետք է անենք մենք

Մեծագույն խնդիրն այն է, որ այս իշխանության նժարի հակառակ կողմում չկա հասարակությանը այլ, հստակ ճանապարհ առաջարկող ձևաչափ (ձևաչափեր)։ «Ազգային, հայրենասեր, Նիկոլ լավ հայհոյող» և այլ ձևակերպումներով ուժեր կան, բայց դա մեխանիկորեն չի երաշխավորում սառը, ռացիոնալ պատկերացումներ, ստրատեգիական մտածողություն։ Եվ վերջին տարիների զարգացումները հենց դա են ապացուցում։
Պետության պատամական շահը պահանջում է խելոք անհատներից անցում կատարել խելոք ձևաչափերի։ Այս իշխանությունը Հայաստանը հասցրել է ծանրագույն վիճակի. մենք ականապատ դաշտի ուղիղ մեջտեղում ենք, մեզնից պահանջվում է անհավանական խելամտություն, փորձի ու կարողությունների վրա հիմնված սառը, ռացիոնալ քայլերի ցանկ։ Հայաստանի պատմության նոր էջը չի կարող սկսվել անելիքի չիմացությամբ։
Եթե այս պահին մենք ոչինչ չանենք կամ գնանք 2020-ի սխալ ճանապարհով, երբ ընդդիմադիր ձևաչափերը կազմավորվում էին «ով է ավելի հարուստ, ով ավելի թանկ մեքենա ունի, ում պապան, փեսան, աները կամ եղբայրն են ավելի հարուստ են և կամ՝ ո´վ տան դարակում մի կուսակցության կնիք ունի» մրցակցության շրջանակներում, ապա Հայաստանին սպասում է Արցախի կամ Ուկրաինայի ճակատագիրը։ Առանց չափազանցության։

Այսօր մեզ օդի պես անհրաժեշտ են հանրային պրոցեսների կազմակերպիչներ։ Արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունն իր վրա չի վերցնում այդ կարևորագույն ֆունկցիան։

Այս պատմական փուլում անհրաժեշտ է նաև հանրային ուժեղ ճնշման տակ պարտադրել գործող (դեռևս) իշխանություններին՝ կասեցնել պսևդոռեֆորմները, որոնք ներքին լրացուցիչ լարվածություն և ներքին անկայունություն են ձևավորում (էլեկտրոնային դեղատոմսեր, տրանսպորտի թանկացում, «ակադեմիական քաղաք», եկամուտների պարտադիր հայտարարագրում, սահմանադրական փոփոխություններ և այլն)։ Սակայն այդ ուժեղ ճնշման համար հանրությանը պետք են կազմակերպչական իրական, ֆունկցիոնալ ձևաչափեր։ Դրանց ձևավորման համար կարևորագույն կարգախոսը պետք է լինի ներքին հաշտությունը, թիվ մեկ նախապայմանը՝ բոլոր ընտրազանգվածների հետ խոսելու և լսելու, պետական համակարգի հետ խոսելու և աշխատելու ունակությունը։ Այդ ձևաչափերի բնական դաշնակիցներն են հանրությանն իրապես հուզող խնդիրները՝ իրական մասնակցային պրոցես, որը կտանի իրական իշխանափոխության։
Հակառակ դեպքում մեր հանրային կառուցվածքը նմանվում է ստերջացված քաղաքական կենդանու, որից ոչ ոք այլևս ակնկալիք չունի։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Please enter a valid URL