Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հերքում է տեղեկությունը, թե ինքը ալկոհոլի ազդեցության տակ այսօր վարել է հոր կողմից գնած գոլդ համարանիշներով մեքենան: Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի պարեկները Առուշանյանին բռնեցրել են խմածության ամենաբարձր աստիճանով, մեքենան տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ Առուշանյանին մեկ տարով զրկել մեքենա վարելու իրավունքից: «Էս դժվար իրավիճակում փոխանակ փորձենք մի բան շտկել, մի բան առաջ տանել, միայն խոսում ենք զրոներից» ,-Aravot.am-ին ասաց Առուշ Առուշանյանը, ապա շարունակեց.
«Ողջ կյանքս զբաղվել եմ սպորտով, հիմա էլ զբաղվում եմ սպորտով, որպես կանոն խմիչքից շատ-շատ հեռու եմ, որպես կանոն խմիչքի փոխարեն միշտ նախընտրում եմ սպորտը, սա մի ռաունդ: Ինչ գրված է՝ դրանով զբաղվում են փաստաբանները, օրենքի դաշտում, երբ լինի վերջնական պատասխան, կտեղեկանաք այդ մասին»:
Առուշանյանից հետաքրքրվեցինք՝ այսինքն վիճարկում է մեքենա վարելու իրավունքից իրեն զրկելու որոշու՞մը , թե՞ դրա մասին տեղեկությունը, որը զրպարտություն է համարում, ի պատասխան ասաց. «Ինչպես ասացի՝ փաստաբաններն են զբաղվում այդ հարցով: Ո՛չ ասում եմ զրպարտություն է, ո՛չ էլ ձեր մյուս թվարկածը, ես նման բան չեմ ասում, փաստաբանները օրենքի շրջանակում կլուծեն խնդիրը, ես դրանով չեմ զբաղվում»: