Մոսկվային մտահոգում է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ղեկավարության ուլտիմատիվ և վիրավորական հռետորաբանությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում և չենք դնելու ցանկացած պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, ներառյալ՝ այս կամ այն միջազգային, տարածաշրջանային կառույցների աշխատանքին մասնակցության աստիճանը՝ ելնելով իր ազգային շահերից և ստանձնած պարտավորություններից։ Դա լիովին վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Միաժամանակ մեզ չի կարող չանհանգստացնել հակաարդյունավետ եւ վերջնագրային, իսկ երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունը, որն այսօր գերիշխում է կազմակերպության թեմատիկայով Հայաստանի ղեկավարության արտահայտություններում եւ տառացիորեն սերմանվում է հայ հասարակության մեջ», — նշել է դիվանագետը։