Search
Close this search box.

«Կոռուպցիոն» նվիրատվություններ՝ ՔՊ-ին․ OCCRP-ն հետաքննություն է պահանջում

«OCCRP»-ը և «ՍիվիլՆեթը» հրապարակել են հետաքննություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022 թ-ի նվիրատվություններում ի հայտ եկած տարօրինակ փոխանցումների մասին: 

Մարտի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է օրերս մամուլում մեծ հնչեղություն ստացած Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և վերջինիս հայաստանյան գործընկեր «ՍիվիլՆեթի» հետաքննությանը, որը վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022 թ-ի նվիրատվություններում ի հայտ եկած տարօրինակ փոխանցումներին։ Նա նշել է, որ խնդիրը ոչ թե իրավական է, այլ՝ քաղաքական։

Հիշեցնենք, որ հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ կուսակցության 2022-ի ֆինանսական հաշվետվությունում առկա են նվիրատվություններ, որոնք հարցեր են առաջացնում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ: Ըստ OCCRP-ի և «ՍիվիլՆեթի»՝ «Հայաստանի տասը առանձին քաղաքներում ավագանու առնվազն տասը թեկնածու նույն օրը փոխանցել է ճիշտ նույնքան գումար: 26-ի դեպքում նվիրատվությունները կազմել են նվիրատուների տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը՝ ելնելով նրանց ունեցվածքի հայտարարագրերից։ Չորս նվիրատվություն գերազանցել է մեկ անձի համար անհատական նվիրատվությունների օրենքով սահմանված առավելագույն շեմը՝ 2,5 մլն դրամը։» Բացի այդ, ՔՊ կուսակցության 31 նվիրատուներից 15-ը հերքել են նվիրատվություն տրամադրելու փաստը, իսկ մյուսները խուսափել պատասխանից:

OCCRP-ի Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի հարցերով խմբագիր Ռոբերտ Դենիսը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում, սակայն, տարակուսում է՝ հրապարակման մեջ առկա են տարրեր, որոնք արժանի են իրավապահ մարմինների լուրջ հետաքննությանը:

«Ես չգիտեմ, թե ինչպես կարող է այս ամենը սխալ լինել: Կա հստակ սխեմա: Չեմ կարծում, որ այս մարդիկ սխալմամբ նվիրատվություններ են արել և հետո մոռացել դրա մասին։ Ամեն դեպքում, պետք է կատարվի ամբողջական հետաքննություն, որպեսզի պարզվի, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել»,- ասում է Դենիսը:

«OCCRP-ի» և «Սիվիլնեթի» հրապարակումը մեջբերում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի տեսակետը, ով ևս համակարծիք է՝ հայտնաբերված փաստերը պետք է ուսումնասիրվեն պատկան մարմինների կողմից:

«Հայտնաբերված փաստերը նշանակալից են և լրացուցիչ մշակման, բացատրության և պատկան մարմինների կողմից գործողությունների կարիք ունեն»,- ասում է Այվազյանը:

Ռոբերտ Դենիսի պնդմամբ՝ ստացված նվիրատվությունների ծագումը մնում է անհայտ։

«Հիմնական խնդիրն այն է, որ կուսակցության ֆինանսական հաշվետվության մեջ որպես դոնոր թվարկված անձինք հերքում են իրենց դոնոր լինելը, կամ գոնե նրանցից մի քանիսը: Իսկ դա նշանակում է, որ գումարի ծագումը պարզ չէ։»

Հետաքննությունը պարզել է նաև, որ որոշ դեպքերում նվիրատուները կուսացությանն են նվիրաբերել իրենց եկամուտների կեսից ավելին, իսկ որոշ դեպքերում ամբողջ եկամուտն ու խնայողությունները:

«Նրանք հայտարարագրել էին իրենց ունեցվածքը։ Դա մեզ թույլ տվեց պարզել, որ իրականում այդ մարդկանցից շատերը, ըստ կուսակցության ֆինանսական հաշվետվության, որոշ դեպքերում տվել են իրենց եկամտի 50%-ից ավելին՝ գումարած իրենց խնայողությունները, կամ էլ որոշ դեպքերում՝ իրենց ամբողջ եկամուտը՝ գումարած խնայողությունները:»,- ասում է Դենիսը:

Ռոբերտ Դենիսը տեղեկացրեց, որ OCCRP-ի գործըներ «Սիվիլնետը» ուսումնասիրել է այլ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները: Մենք այնտեղ չենք հայտնաբերել ֆինանսական նման սխեմաներ, ասում է նա:

Please enter a valid URL