Search
Close this search box.

Անդրանիկ Թևանյանը՝ տրանսպորտի թանկացման մասին. Պատրաստվելու ենք պայքարի, նույնը խորհուրդ ենք տալիս մեր քաղաքացիներին

Բնականաբար, պատրաստվելու ենք պայքարի. նույնը խորհուրդ ենք տալիս մեր քաղաքացիներին։ Այս մասին մարտի 12-ին, իր տեսաուղերձում նշել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը՝ խոսելով Երևանում տրանսպորտի թանկացման հետևանքների մասին։

«Պատկերացնու՞մ եք, թե սրա արդյունքում ինչ է սպասվում Երևանին։ Երեւանում մարդիկ արդեն կնախընտրեն չօգտվել տրանսպորտից: Քաղաքում մեքենաների թիվը կավելանա, քանի որ մեքենաների սեփականատերերը կնախընտրեն տեղաշարժվել մեքենայով, և այս դեպքում մենք ոչ միայն չենք բեռնաթափի քաղաքը, այլ կստանանք ծանրաբեռնվածություն հատկապես քաղաքի կենտրոնում և ընդհանրապես Երևանում։

Տրանսպորտի գները բարձրացնում են առանց հաշվարկների, առանց հիմնավորման։ Ցույց տվեցինք սուբսիդավորման տեղերը, ասացինք, որ «ստվերը» նվազեցնելով կարելի է դա անել։

Մենք ներկայացրել ենք մեր սեփական նախագիծը՝ «Մայր Հայաստանի» նախագիծը, որը օրակարգում չի եղել, բայց իրենց նախագիծը շատ հրատապ ներկայացվել է ավագանու նիստում»,- ասաց Թևանյանը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ այս թանկացումները փաստացի լրացուցիչ բեռ կդառնան երեւանցիների համար։

Նա նաեւ մեղադրեց իշխանություններին բառիս բուն իմաստով գիշատիչ նախագիծ իրականացնելու մեջ։

«Մայր Հայաստանը» դատապարտում է այս որոշումը։ Բնականաբար, պատրաստվելու ենք մայքարի: Նույնը խորհուրդ ենք տալիս մեր քաղաքացիներին։

Եվ մենք ասում ենք, որ պետք է պատրաստվել մինչև սեպտեմբերի 1-ը։ Մեր առաջին կոչը լինելու է, որ մարդիկ պարզապես բոյկոտեն և չվճարեն այս մեծ գումարները։ Իսկ եթե ամեն տեղ 100 դրամ վճարեն, ոչինչ չեն կարող անել»,- ասաց Թևանյանը։

Ըստ նրա՝ սա սոցիալական, քաղաքական, բարոյական խնդիր է։

«Եվ ուզում եմ հիշեցնել, որ ՔՊ-ի, անձամբ Նիկոլ Փաշինյանի ու փոքրիկ Նիկոլ Փաշինյանների խաբեությունն ամենուր է։ Խոստացան խաղաղություն, բայց բերեցին պատերազմ, խոստացան Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց Արցախը ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս և նպաստեցին Արցախի էթնիկ զտմանը, խոստացան, որ ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները կլինեն փայլուն, և այսօր մեզ ներքաշեցին պատերազմի մեջ և դարձրեցին մանրադրամ երրորդ կողմերի ձեռքում: Հայաստանը վերածում են երկրորդ Ուկրաինայի՝ ապահովելով մեզ համար շատ տխուր ապագա։

Նրանք խոստացան սեր և հանդուրժողականություն, բայց բերեցին ատելություն և պառակտում:

Ասացին, որ ապագա կա, բայց պարզվում է, որ անվտանգության տեսանկյունից ընդհանրապես ապագա չկա, քանի որ Հայաստանը թելից կախված է, իսկ ապագան, որ բերում են, իրականում թանկ ապագա է, որը անհարմարավետություն է պատճառում քաղաքացիներին:

Մեզ համար այս ամենն անընդունելի է, և մենք բոլորս պետք է պայքարենք ընդհանուր ջանքերով, մեր հասարակության հետ միասին պետք է պատրաստվենք և՛ թանկացումները կանխելու, և՛ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար»,- հավելեց Թևանյանը։

Please enter a valid URL