Search
Close this search box.

ՔԿ. Պարզվել են Սուրենավանում 7–ամյա երեխայի մահվան պատճառները

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում պարզվել են Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան ամբողջական հանգամանքները, քրեական վարույթը կարճվել է, միջնորդագիր է ներկայացվել համայնքի ղեկավարին:

2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում հայտնաբերվել է 7–ամյա երեխայի դի:

Քննչականի հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված օրը` ժամը 08:30-ի սահմաններում, Սուրենավանի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ Մշակույթի տան դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են 5 թափառող շներ: «Երեխաները, վախենալով շների հարձակմանը ենթարկվելուց, շների հետապնդումից խուսափելու նպատակով, վազքով փորձել են անցնել Մշակույթի տան դիմացի հատվածով, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը անզգուշաբար սայթաքել է սալիկապատ հատակին, և երեխան, բերանքսիվայր ընկնելով գետնին, գլուխը հարվածել է ճանապարհի եզրաքարին ու մահացել», — ասված է հաղորդագրությունում:

Դեպքի վայրի զննությամբ արնանման հետքեր չէին հայտնաբերվել, տվյալներ են ստացվել այն մասին, որ երեխային որևէ մեկը չի հրել, թափառող շներից փախչելու ընթացքում երեխայի կողքով որևէ մեկը չի վազել, ընկնելիս նրա կողքին որևէ մեկը չի գտնվել:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքային այտուցից` փակ, բութ գանգուղեղային և ողնուղեղային համակցված վնասվածքներ ստանալու հետևանքով:

Նկատի ունենալով, որ երեխայի մահը այլ անձի գործողությունների հետևանք չէ, այլ մահվան պատճառը դժբախտ պատահարն է, քրեական վարույթը կարճելու որոշում է կայացվել:

Քննության առարկա է դարձվել նաև բնակավայրում թափառող շների հետ տարվող աշխատանքների խնդիրը։ Պարզվել է, որ բնակավայրի դպրոցի հետևում առկա է կուտակված աղբ, որի մոտ գրեթե մշտապես թափառող շներ կան։ Կենդանիները հանդիպում են նաև մանկապարտեզում և գյուղի տարբեր հատվածներում, շատ դեպքերում մարդիկ չեն կարողանում տանից դուրս գալ՝ տարածքում առկա մեծաքանակ շների պատճառով:

Պարզվել է, որ պատշաճ կարգով չեն ձեռնարկվել անհրաժեշտ և հնարավոր միջոցառումներ դպրոցի հետնամասում, հարակից բազմաբնակարան շենքերից կուտակվող աղբը կանոնավոր հեռացնելու կամ այդ հատվածում աղբի կուտակումը չթույլատրելու ուղղությամբ։ Բացի այդ, թեև համայնքապետարանի կողմից թափառող կենդանիների ստերջացման և վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով հայտարարվել է մրցույթ և առկա է հաղթող ճանաչված ԱՁ, սակայն այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները եղել են ակնհայտորեն ոչ բավարար, ասված է հաղորդագրությունում:

Ելնելով վերոգրյալից՝ քննիչը միջնորդագիր է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ «բացթողումները և թերությունները վերացնելու, բնակավայրում նշված ուղղություններով աշխատանքը կազմակերպելու, դրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմները կատարելագործելու, ինչպես նաև, ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, իրենց գործառույթների կատարման մեջ թերացած պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու վերաբերյալ»։

Please enter a valid URL