Եթե մենք քաղաքական որոշում ենք կայացնում, որ գնում ենք խաղաղության Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ես այստեղ հուշում եմ մեր իշխանություններին, ճանապարհի հարցը ձեզնից չեն էլ հարցնում, խփելով, ծեծելով ստիպում են, որ դուք դա անեք, իսկ դուք դա չեք անում, որովհետեւ էն մի հարեւանին խոստացել եք, որ չեք անելու, ու դա բերելու է տարածաշրջանային պատերազմի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը:
«Երկորրդ, եթե մենք արհամարհում ենք Իրանի եւ Վրաստանի շահը, գնում ենք այդ ճանապարհը բացելու ճանապարհով, ապա պետք է Ադրբեջանի հետ բանակցենք, թե ո՞նց ենք իրենց տարածքով անցնելու, ինչ երաշխիքներ են լինելու: Երկրորդ, Ադրբեջանը պետք է 160 դոլարով գազ մատակարարի մեզ, ինչպես Ռուսաստանն է այսօր մատակարարում: Գնո՞ւմ են Ադրբեջանը, Թուրքիան, արեւմտյան ուժերը դրան, պատրա՞ստ են Հայաստանի 10 մլրդ պարտքը ջրեն, ինչպես արել են Վրաստանին, եւ Հայաստանը 800 մլն դոլար, որ այսօր տոկոս է վճարում, այդ գումարներով իր սահմանապահ զորքերը պահի: Արեւմուտքը պատրա՞ստ է դրան, եթե պատրաստ չի, ուրեմն այդ թեման փակում ենք, վերջ, անցնում ենք մյուսին:
Ես ասում եմ՝ մենք տանում ենք տարածաշրջանը պատերազմի, բայց բանակը չենք պատրաստում դրան: Մենք ոչ մի բանի չենք պատրաստվում, «կապրիզնի» երեխայի պես ասում ենք՝ էս չեմ ուզում, էն չեմ ուզում, բայց ոչ մի բան էլ չեմ անում: Հիմա այդ դերում ենք»,-ասաց Սամվել Բաբայանը:
Դիտարկմանը՝ եթե այդ ճանապարհի դեպքում Ռուսաստանի տակից տանում են 85 միլիոնանոց շուկան, ապա ինչպե՞ս է, որ Ռուսաստանի դեմ չէ Մեղրիի ճանապարհին, Սամվել Բաբայանն ասաց. «Ռուսաստանն այսօր այն վիճակում է, որ գազի, նավթի փոխադրումը Ադրբեջանի տարածքով է իրականացնում եւ Ադրբեջանը լուրջ գործընկեր է իր համար: Բայց գալու է մի փուլ, որ այլեւս չի հանդուրժելու, գիտակցելու է, որ դա իրեն պայթեցնում է: Մենք չպետք է լինեն դրա առիթը»: