«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արհամարհում է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները: Նախորդ տարվա մարտի 23-ին վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով Երևանում բազմաբնակարան շենքերի համատիրությունների գործունեությանը, խիստ դժգոհություն էր հայտնել` շեշտելով. «Հիմնական խնդիրը կայանում է համապատասխան շենքերի համատիրությունների կողմից ոչ արդյունավետ կառավարման կամ, առհասարակ, դրա բացակայության մեջ, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես շենքերի տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ մեր համաքաղաքացիների հիմնավոր բազմաթիվ բողոքների առկայությանը»: Միաժամանակ վարչապետը հանձնարարել էր երկամսյա ժամկետում ուսումնասիրել խնդիրը, ներկայացնել լուծումներ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս մեկ տարվա ընթացքում այդպես էլ առարկայական որևէ քայլ չի արվել վարչապետի հանձնարարականը կատարելու ուղղությամբ, միայն փորձ է արվել համատիրությունների մասին նոր օրենք մշակելու հարցում և վերջ, իսկ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակում են թագավորել մկներն ու առնետները, աղբն ու գարշահոտությունը, անսարք վերելակները, որոնցով երթևեկելն ամեն անգամ կենաց մահու կռվի է նմանվում, էլ չենք խոսում մյուս խնդիրների մասին:
Մեկ փաստ էլ` իշխանություններին այս համատիրությունները պետք են մեկ առումով. դրանք ընտրակեղծիքի կարևոր օղակներից են. համատիրությունների նախագահները մեկ առ մեկ գիտեն, թե որ բնակարանում քանի հոգի է բնակվում, սոցիալապես ի՞նչ վիճակում են գտնվում: Ըստ այդմ, իրենք են հաճախ աշխատում ընտրակաշառքի 10 հազարական դրամները նպատակային «տեղ հասցնելու» ուղղությամբ` իրենց մոտ եղած ցուցակների համաձայն»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: