Search
Close this search box.

Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։

-Խոսենք նաև Ադրբեջանի մասին։ Դուք հանդիպումներ եք ունեցել վերջին մի քանի ամիսներին, կարող ենք ասել տարիներին։ Ինչպե՞ս եք գնահատում խաղաղության հեռանկարները, իրական խաղաղության, ամբողջական կարգավորման, ոչ զինադադարի։ Հասկանալիորեն դա դեռ ենթադրում է երկար ճանապարհ, բայց դիվանագիտական ճակատում ի՞նչ փուլի եք հասել։

-Հիրավի, Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց։ Մենք բանակցում ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, կան նաև այլ քննարկումների հարթակներ։ Կայացել են հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, բանակցություններ արտաքին գործերի նախարարների միջև։ Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից։ Կցանկանայի նշել մի քանիսը՝ առավել կարևորները։

Նախ, առաջինը տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման և հետագա սահմանազատման գործընթացի ապահովման հարցն է։ Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Առանց շատ մանրամասների նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ, նախ, ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին։ Վերջին շրջանի բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, դրա սկզբունքներին, մասնավորապես 2022թ. Պրահայում, հաջորդիվ Սոչիում, Բրյուսելում, նաև այլ առիթներով։ Ուստի, երկու երկրները վերահաստատել են, որ ճանաչում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են հետագա սահմանազատման գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, 1991թ. սահմանագծի հիման վրա։ Այդուհանդերձ, այժմ, երբ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, նշելով այն, ինչ ես քիչ առաջ նկարագրեցի, ոչ ավելին, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դժկամություն ստորագրել այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը։ Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն։

-Եղել են շատ հարթակներ, որոնք փորձել են Հայաստանին ու Ադրբեջանին բերել մի սեղանի շուրջ. Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան փորձել են դա անել։ Հասկանում եմ, որ երկար ժամանակ թշնամանք է եղել երկու երկրների միջև, ուստի պարզամիտ կամ շատ լավատեսական կլինի մտածել, որ դիվանագիտությունը կարող է միանգամից նպաստել թշնամանքի վերացմանն ու կառուցողական քննարկումներին։ Այդուհանդերձ, ո՞ր հարթակներն եք Դուք համարում առավել հարմարավետ կառուցողական քննարկումների համար։

-Կարճ պատասխան՝ բոլոր հարթակներում։ Միակ խնդիրն, առնվազն իմ անձնական տպավորությամբ, մյուս կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը։

-Թուրքիայի հետ քննարկե՞լ եք Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն կողմերին միավորել որոշ հարցերի շուրջ։

-Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձեր։ Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերվում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում։

Please enter a valid URL