«Շուտով 4 տարի կլինի, ոչ գիշերը քուն ունեմ, ոչ ցերեկն եմ տեղս գտնում։ Քանի-քանի անգամ է երեզիս եկել՝ ցեխոտ շորերով, շղթայված ոտքերով, հոգնած, տանջահար եղած, ասում էր` «մամ, Եռաբլուր չգնաս, ես այնտեղ չեմ, գալու եմ», իսկ ես հավատում եմ միայն իմ որդուն»,- MediaHub-ի հետ զրույցում իր տարիների ապրումներով է կիսվում Հադրութի շրջանի Հակակու գյուղից տեղահանված Օֆելյա Աղաջանյանը։
Նրա որդին 27-ամյա որդին՝ Արա Աղաջանյանը, 2020 թվականի պատերազմից առ այսօր անհետ կորած է համարվում։ Իսկ ամուսնու եղբոր՝ 57-ամյա Արկադի Աղաջանյանի ճակատագիրն անհայտ է․նա մնացել էր Հակակու գյուղում։
«Արան 44-օրյա պատերազմի ժամանակ արձակուրդում էր։ Նա ամուսնացած է, տղա ու աղջիկ ունի։ Տանն էր, երեխաների հետ էր անցկացնում առօրյան։ Պատերազմը որ սկսվեց, գնաց։ Վարորդ էր, բայց կռվի ժամանակ շտապօգնության մեքենա էր վարում։ Նրա ընկերներն ու ծանոթներն ասել են՝ «գիտե՞ս ինչքան վիրավորներ է հանել ռազմադաշտից, մեկին ուսի վրա էր գցում, մյուսին գրկում, հասցնում շտապօգնության մեքենայի մոտ ու կայծակնային արագությամբ հասցնում հոսպիտալներ»,- պատմում է մայրը։
Օֆելյայի խոսքով՝ մինչև հոկտեմբերի 10-ը իր ընտանիքը դեռ գյուղում է եղել։ Գյուղից տարհանվելուց 1 օր առաջ Արան եկել էր, տեսակցել ընտանիքի անդամներին։ Իրենց հետ դուրս գալու մոր հորդորներին բացասական է արձագանքել՝ ասելով․ «Մամ, 18-20 տարեկան երեխաներ են, իրենք կռվեն, ես դուրս գա՞մ․ հակառակը, իմ օգնության կարիքը շատ կա, վիրավորների կյանքերը պիտի փրկենք»։
«Երբ տեղահանվեցինք գյուղից, 2 օր նրա հետ կապ չենք կարողացել հաստատել։ Այդ ժամանակ Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ անցավ թշնամու վերահսկողության տակ։ Հոկտեմբերի 12-ին զանգեց, մեզանից հարցրեց՝ «որտե՞ղ ենք, ի՞նչ վիճակում ենք», հետո ասաց՝ «մա՛մ, երեխաներին լավ կպահեք, տեղս հարմար չի, կանչում են, պիտի գնամ»։ Դա եղավ նրա վերջին զանգը»,- ասում է տիկին Օֆելյան։
Զինադադարից հետո, երբ փրկվածներն իջել են դիրքերից, Օֆելյան սկսել է հետաքրքրվել, փնտրել, թակել հավանական ու անհավանական դռները։ Նրան ասել են, որ Ֆիզուլիում զորքի հետ թշնամու դեմ մերձամարտ է վարել նաև Արան, դրան զուգահեռ, թշնամին գործի էր դրել նաև ծանր տեխնիկան։ Իրավիճակը խառն էր։ Կրակը հանդարտվելուց հետո տղաները հասկացել են, որ Արան չկա։
«Դրանից հետո սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Այդ ուղղությամբ որոնումները կատարվել են ամիսներ շարունակ։ Փրկարարների հետ նաև տեղանքին ծանոթ՝ մարտերին մասնակցած տղաներ են գնացել, բայց Արայից ոչ մի տեղեկություն։ Մտածում եմ՝ գուցե գերության մեջ է»,- ասում է հերոսի մայրը։
Օֆելիայի ամուսինն առաջին պատերազմի վետերան է, վիրավորվել էր, առողջական խնդիրները սակայն գումարվել են որդու անհետ կորելուց հետո․ դժվար է քայլում, իսկ ավագ որդին փոքր ժամանակ ինսուլտ է տարել և չի քայլում։ Ամուսնու եղբայրը հոկտեմբերին գյուղացիների հետ չի տարհանվել, մտածել է, որ ադրբեջանցիները չեն հասնի Հակակու։ Անհետ կորել է գյուղի անկումից հետո։
Հետո եկավ ժամանակը, որ պետք է հաշտվեր որդու կորստի հետ, ինքն ու ամուսինը դատաբժշկական փորձաքննության համար թեստ են հանձնել։ «Զանգել, ասել են՝ համընկել է, եկեք տարեք։ Գնացինք, բայց աշխատողը վերանայեց անալիզի պատասխաններն ու ասաց․ «ներեցեք, շփոթմունք է եղել»։
«Հիմա մեր ընտանիքում 2 անհետ կորած կա, 2 հաշմանդամ, 2 անչափահաս երեխա։ Մինչ օրս ոչ մի պաշտոնյա մեր դուռը չծեծեց, մի փաղաքշական, հուսադրող կամ թեկուզ ցավակցական խոսք չասաց։ Տպավորություն է, որ կարծես Արայիս չեմ ունեցել, անտարբերություն եմ զգում իմ ընտանիքի նկատմամբ»,- վշտանում է Օֆելյա Աղաջանյանը։