Ռուսաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչները որոշել են չեզոք կարգավիճակով չմասնակցել 2024 թվականի օլիմպիական խաղերի որակավորման մրցումներին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Վասիլի Տիտովը։
«Օլիմպիական խաղերի ընտրությանը մենք չենք մասնակցի, քանի որ մեր մարմնամարզիկներից ոչ մեկը չի ցանկացել չեզոք կարգավիճակ ստանալ: Եվ նրանցից ոչ ոք այդ կարգավիճակով չի դիմել Բաքվի մրցաշարին մասնակցելու համար, այդ պատճառով ոչ ոք չի էլ մեկնել։ Սա մեր մարզիկների և մարզիչների գիտակցված ընտրությունն է»,-ասել է Տիտովը։
Հիշեցնենք` հուլիսին Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) հայտարարեց, որ ՌԴ մարզիկները 2024 թվականի հունվարի 1-ից կարող են միջազգային մրցաշարերին մասնակցել չեզոք կարգավիճակով։ Ավելի ուշ Եվրոպական մարմնամարզության միության գլխավոր ասամբլեան (European Gymnastics) հայտարարեց` դեմ է, որ ռուսաստանցի մարզիկները հունվարի 1-ից վերադառնան եվրոպական պաշտոնական մրցումներին։