«Հայկական ազգային ավիաուղիներ» («Ֆլայ Արնա») ընկերության միակ ինքնաթիռը, որը հունվարի 16-ից անգործ կանգնած էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, փետրվարի 26-ին թռել է Շարժա։ Քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցանկում այդ օդանավը բացակայում է, ինչը նշանակում է, որ այն հանվել է հայկական ռեգիստրից։ Տեղեկությունը հայտնում է «Հետքը»։
Մինչև 2023 թվականի նոյեմբեր «Ֆլայ Արնան» 2 հատ «Airbus A320» տիպի օդանավ ուներ, որոնք գրանցված էին ՀՀ–ում։ Դրանցից մեկը նոյեմբերին դուրս էր բերվել Հայաստանի օդանավերի ռեգիստրից և տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ Հնդկաստան։ Հունվարի 29-ին «Ֆլայ Արնան» հայտարարեց, որ դադարեցրել է թռիչքները, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով։ Նշվում էր նաև, որ ամրագրման համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ էին առաջացել։
««Airbus A320» տիպի 2 օդանավն էլ ՀՀ-ում գրանցված էին որպես EK-YRB և EK-YRC: Նոյեմբերի 9-ին Երևանից Շարժա մեկնել էր EK-YRC-ն։ Հայկական ռեգիստրից հանվելուց հետո այն մտցվել է ԱՄԷ օդանավերի ռեգիստր՝ «Air Arabia»-ի ավիապարկ։ Այժմ այն թռիչքներ է իրականացնում արաբական փոխադրողի կազմում:
Փաստորեն փետրվարի 26-ին EK-YRB-ն ևս մեկնել է Շարժա, որտեղ բազավորվում է «Air Arabia»-ն: Քանի որ, ինչպես ասվեց, այն ևս հանվել է ՀՀ օդանավերի ռեգիստրից, ստացվում է, որ կրկնում է EK-YRC-ի անցած ուղին: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ ինքնաթիռը շուտով գրանցվելու է այլ երկրում, ըստ ամենայնի՝ հենց ԱՄԷ-ում՝ «Air Arabia»-ի կամ նրա դուստր ընկերություններից մեկի կազմում»,– գրում է կայքը:
«Ֆլայ Արնա» ավիաընկերության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս հարցի առնչությամբ իրենք ոչինչ չեն մեկնաբանում։ Հորդորեցին գրել ընկերության պաշտոնական էլփոստին, հավանաբար այնտեղից կպատասխանեն։
«Ֆլայ Արնան» հայ-արաբական համագործակցության արդյունք է: 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49%-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ: