Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը, հինգ տարի է` Հայաստանից հեռացել ու բնակվում է Մոկսվայում, հարցազրույց է տվել «Մեդիահաբ»-ին։ Հարցազրույցի ընթացքում նա որոշ բացահայտումներ է արել իր ծրագրերի մասին։
Մասնավորապես, Պողոսյանն ասել է, որ օրեր առաջ ինքը դիմում է գրել և դուրս եկել ՀՀԿ-ից և նոր կուսակցություն է բացել։ Կուսակցությունը կոչվում է «Հայոց համազգային միասնություն»։ Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը փրկելու խնդիր ունենք այսօր, որի համար միասնություն է հարկավոր, դրա համար իրենք իրենց նորաստեղծ կուսակցության գրասենյակներ են բացելու նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր։ Միասնության ճանապարհին Միհրան Պողոսյանը պատրաստ է համագործակցել նաև գործող վարչախմբի անդամների հետ, միայն թե հեռացնեն այս ամենի գլխավոր մեղավորին՝ վարչախմբի ղեկավարին․ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, որի անունը, ի դեպ, նա հարցազրույցի ընթացքում ոչ մի անգամ չի տալիս։
Միհրան Պողոսյանը զրույցում անդրադարձել է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններին, նախորդ իշխանությունների օրոք իր շուրջ տեղի ունեցող սկանդալային իրադարձություններին, իր դեմ արդեն նոր իշխանությունների օրոք հարուցված քրեական գործերին և վերջին դեպքին՝ կոկաինի գործին, որով ինքը զանգահարել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։