Search
Close this search box.

Ոչ մի պատասխանատվություն

Հրապարակը գրում է․
Երբ կողք-կողքի ես դնում մի շարք իրադարձություններ, հասկանում ես, որ այդքան պատահականություններ ու զուգադիպություններ բնության մեջ ուղղակի չեն լինում: Այդ իրադարձությունների մեջ կա որոշակի կապ, տրամաբանություն, ծրագիր: Ուղղակի մեզ համար դեռեւս պարզ չէ, թե այդ ծրագրերը որտեղ, ում կողմից են կազմվում: Ինչպե՞ս կարող են միաժամանակ այդպիսի «հուժկու պայքար» սկսել հայի բոլոր ազգային արժեքների, արմատների, ավանդույթների ու սիմվոլների դեմ, եթե դա մեկ կենտրոնից կառավարվող պայքար չէ: Եվ կարեւոր չէ, թե թիրախում որ արժեքներն են` արցախյան պատերազմում ընկած հերոսների հիշատակը, հերոսածին ծնողները, հայ գեներալները, Հայոց պատմության կամ Հայ գրականության որոշ էջեր, Արարատ սարը, Շուշին, զոհվածների լուսանկարներն ու փառքի անկյունները, հայկական տեղանուններն ու Հայ առաքելական եկեղեցին, Անկախության հռչակագիրն ու ՀՀ Սահմանադրությունը…

Այսքան շատ զուգադիպություններ ուղղակի չեն կարող լինել: Եվ այս ամենին զուգահեռ, խաղաղասիրական կեղծ լոզունգներն ու կոչերը, որոնք անգամ մեր հաղթանակած շրջանում հասարակության կողմից չէին ընկալվում-մարսվում, ուր մնաց պարտության շրջանում ընկալելի լինեն: Եվ այն շրջանում, երբ թշնամին Արցախը բարբարոսաբար հայաթափում է, ու մեր հայրենակիցները մազապուրծ հասնում են Հայաստան, երբ շարունակ սահմանին զինվորներ են զոհվում` այդ նույն թշնամու զենքից, երբ նրանց հռետորաբանությունը մազաչափ չի փոխվում, երբ Բաքվի բանտերում գերիներ ունենք, եւ Արցախում մեծ վաստակ ունեցող գործիչներին պատանդ են պահում, մեր իշխանությունը թշնամուն հաճոյանալու նողկալի տեսարաններ է բեմադրում եւ թշնամու հերթական դիվերսանտին` «բարի կամքի», իսկ իրականում՝ ստրուկի եւ հոգով պարտվածի խեղճությամբ հանձնում:

Please enter a valid URL