Search
Close this search box.

Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» ԲԿ-ից. ավագանու անդամ

Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» բժշկագիտական կենտրոնի պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքի պատից: Այս հայտարարությունն արել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։

Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, երեկ հայտարարել էր, որ այցելել է նշված կենտրոն և անակնկալի եկել, քանի որ պարզվել է` ո՛չ բաժանմունքը կա, ո՛չ որդու անունը կրող ցուցատախտակը։ Աշխատակիցներից փորձել է տեղեկանալ` որտեղ են բաժանմունքն ու ցուցատախտակը, ոմանք ասել են, որ բաժանմունքը տեղափոխվել է, ոմանք էլ զարմացել ու ասել են, որ այնտեղ վահանակ չի եղել, այնինչ պատի վրա հստակ երևացել են վահանակի հետքերը։

«Հարցն այն է, որ բաժանմունքն է տեղափոխվել նույն ԲԿ-ի այլ հատված, որտեղ և փակցվել է վահանակը»,- գրել է Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում` մեկնաբանություններում հավելելով, որ վահանակն այսօր առավոտյան է փակցվել։

Արտակ Հովհաննիսյանն այսօր նոր գրառում է արել` անդրադառնալով սոցցանցերում տարածվող հերքումներին։

«Քանի որ տարբեր աղբյուրներ սկսել են անհեթեթ հերքումներ տարածել, ես վաղը առավոտյան կլինեմ սույն բուժհաստատությունում և կստանամ բոլորիս հուզող պարզաբանումը»,-գրել է նա` նշելով, որ պատրաստ է պարզաբանում ստանալուց հետո նույն վայրում պատասխանել լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ «Երևան» բժշկագիտական կենտրոնի պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքը 44–օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անունով է անվանակոչվել 2021 թվականին։

Please enter a valid URL