Armlur.am-ը գրում է. Երեւանի քաղաքապետարանը համայնքային միջոցները մսխելու հարցում չունի հավասարը: Եւ այսպես` 2017թ. Երեւանի բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 72 մլրդ 479 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 70 մլրդ 990 մլն 187 հազար դրամ:
Երեւանի քաղաքապետարանի հրապարակած բյուջեի կատարման հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարում միայն 257 մլն 883 հազար դրամ ծախսվել է մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման եւ պահպանման նպատակով: Մասնավորապես իրականացվել են քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ծառայողական ավտոմեքենաների պահպանման եւ նորոգման, գույքի, համակարգչային տեխնիկայի եւ շահագործվող այլ սարքավորումների ընթացիկ նորոգումն ու պահպանումը: Սա, ի դեպ, այն ծախսերից է, որի մի մասը պարզապես գրպանվում է՝ ատկատի տեսքով:
Հայտնի փաստ է, որ ամենամեծ ատկատները գալիս են փողոցների վերանորոգման անվան տակ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման եւ պահպանման ծրագրով փաստացի կատարողականը կազմել է 3 մլրդ 546 մլն 318 հազար դրամ: Ըստ այդմ, նշված գումարով իրականացվել է Երեւանի բոլոր վարչական շրջանների փողոցների, մայթերի եւ բակային տարածքների ասֆալտ-բետոնյա ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքներ։ Այդ թվում նաեւ փողոցների ճաքալցման աշխատանքներ։ Ի դեպ, այս տարվա ասֆալտապատումների համար նախատեսված գումարը 25 մլն դրամով ավել է անցած տարվա համար նախատեսված գումարից: Յուրաքանչյուր տարի խոշոր չափի գումարներ են ծախսվում ասֆալտապատման համար, բայց այդպես էլ Երեւանի ճանապարհներն առանձնապես չեն բարելավվում, ուստի կարող ենք ենթադրել, որ այս եւ հաջորդ տարիների հետ կապված եւս կարիք չկա մեծ ակնկալիքներ ունենալ: Քաղաքային բյուջեից տոնական ձեւավորում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 40 մլն 470 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ հատկացված գումարով Երեւանը` վարչական շրջաններով, տոնական օրերին ձեւավորվել է: Այդ թվում գնվել են տոնական դեկորատիվ առարկաներ, լույսեր եւ այլ զարդարանքներ։ Այն դեպքում, երբ անցած տարեվերջին հայտարարվեց, որ քաղաքի ամանորյա ողջ զարդարանքը նախորդ տարվանն է: Ենթադրությունը մեկն է. այստեղ էլ գումարի մի մասը հոսել է քաղաքապետարանի պաշտոնյաների գրպանը:
Աղբահանություն եւ սանիտարական մաքրման համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է ավելի քան 5 մլրդ 52 մլն դրամ: Սրա շրջանակներում Երեւանի բոլոր վարչական շրջաններում մատուցվել են սանմաքրման, այդ թվում` ձյան մաքրման եւ աղբահանության ծառայություններ։ Միայն թե, գաղտնիք չէ, որ Երեւանի փողոցները, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները շարունակում են մնալ աղբի մեջ թաղված: Ողջ տարվա ընթացքում քաղաքի փողոցները, մայթերը, բազմաբնակարան շենքերի մուտքերը այդպես էլ չաղբահանվեցին: Իսկ տարեվերջին ձյան մաքրման աշխատանքների համար քաղաքապետարանը չէր կարող գումար ծախսել, քանի որ պարզապես ձյուն չկար: Թե ի՞նչ է եղել այս գումարը, մնում է միայն ենթադրել:
Երեւանի քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձի գծով ծախսերը անցած տարում կազմել են 4 մլրդ 723 մլն դրամ: Ի դեպ, աշխատավարձի գծով ծախսերն իրականացվել են Երեւանի ավագանու` 2017 թվականի հունիսի 16-ի որոշմամբ սահմանված հաստիքացուցակի հիման վրա։ Ընդ որում, հաստատված հաստիքացուցակով նախատեսված 1998 միավոր հաստիքի դիմաց աշխատավարձի փաստացի վճարում իրականացվել է միջինը 1975 հաստիքի համար։ Պարզվում է` քաղաքապետարանի աշխատակազմը անցած տարում աշխատողների պարգեւատրման համար մի քանի հարյուր միլիոններ է քաղաքային բյուջեից ծախսել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն պարգեւատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 հազար դրամ:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: