Search
Close this search box.

Որպես բարի կամքի դրսևորում՝ Հայաստանն ադրբեջանցի զինծառայողին կհանձնի ադրբեջանական կողմին. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետությունը որոշել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին։

«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը:

Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Սակայն Քննչական կոմիտեն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։

«ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:

Ելնելով վերոգրյալից՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է»,- հայտնել է Քննչական կոմիտեն։

Please enter a valid URL