Արթուր Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ։ Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակում։
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,–ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
Նշենք, որ Գասպարյանը մինչ այս զբաղեցնում էր ՊՊԾ պետի տեղակալի պաշտոնը, որից, Փաշինյանի որոշմամբ, ազատվել է այսօր` մարտի 4–ին, պետ նշանակվելուց առաջ։
Հիշեցնենք` ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանին ՀՀ վարչապետը պաշտոնից ազատել էր 2023–ի սեպտեմբերի 10–ին։
Հովհաննիսյանը 2004 թվականից ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների Պետական պահպանության ծառայությունում՝ զբաղեցնելով բաժանմունքի պետից մինչև ծառայության պետի պաշտոններ: ՊՊԾ պետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին, վերանշանակվել՝ 2023թ. ապրիլին։