Այս պահին Լվովյան փողոցի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, նրանք ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։
Բնակիչներից մեկն իր խոսքում ներկայացրեց իրենց բողոքի պատճառները․
«Մենք ուզում ենք քաղաքապետին ներկայացնել, որ տվյալ տարածքում ժամանակին եղել է այգեգործական ընկերություն, և այդ 4 հեկտար խնդրահարույց գոտու վրա խիտ բնակեցված տներ կան, որտեղ մարդիկ ապրում են ընտանիքներով 1990-ականներից, ապրում են նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցները։
Տվյալ հատվածը կառուցապատվել է բնակիչների կողմից, բնակիչների մեծ մասը չունեն այլ բնակարաններ։ Հիմա խնդրում ենք քաղաքապետին հանդիպել մեզ հետ, որպեսզի նաև լարված մթնոլորտը լիցքաթափվի։ Մարդիկ չեն հասկանում՝ ում տունն են քանդելու, քաղաքապետարանը ո՞ր հատվածի վրա է գործ անելու, ո՞ր հատվածն է կանաչապատվելու»,- նշեց քաղաքացին։
Մեկ այլ բնակիչ Սեդա Հովհաննիսյանն էլ խնդրի մասին խոսելիս նման հայտարարությամբ հանդես եկավ․
«Ես ասել եմ՝ հարգում եմ վարչապետին, հարգում եմ քաղաքապետին։ Ես հանդիպում եմ ունեցել քաղաքապետի հետ, նա շենքեր բարեկարգել, ես խոնարհվել եմ իր առջև, հիմա էլ եմ խոնարհվում, որովհետև բարեկեցիկ, գեղեցիկ գործ է արել։
Հիմա մենք էլ տարածքը գեղեցկացրել ենք, մաքրել ենք, ծառ ենք տնկել, միթե՞ վատ գործ ենք արել։ Թող կանաչապատում անի, մենք էլ բոլոր հարևաններով խոստանում ենք իր աշխատողը դառնալ։
Երբ հեղափոխություն էր՝ անձամբ Մասիվից շատ սիրով քայլել եմ պարոն Ավինյանի համար, նաև մեր հարգարժան Միրզոյանի հետ էլ նկարվել եմ Զեյթունի մոստի տակ, ինքը շնորհակալություն է հայտնել ինձ, որ ես քայլում եմ իրենց հետ՝ վատառողջ կին լինելով։ Դե որ պետք էր՝ սիրով բերեցինք իշխանութան, հիմա բա մեզ ինչա՞ պետք հարգելիս, որ մեզ դուրս շպրտե՞ք»,- իր բողոքի ձայնը բարձրացնելով՝ նման կերպ արտահայտվեց ակցիայի մասնակիցը։