Մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչները առավոտվանից չեն պատասխանում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Նշված հասցե է ժամանել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները ոստիկանների ու պարեկների ներկայությամբ բացել են 58 Բ շենքի նշված բնակարանի դուռը, որը ներսից բանալիով փակված է եղել և բանալին փականի վրա է գտնվել, դուռը բացելուց հետո հյուրասենյակի հատակին բերանքսիվայր հայտնաբերել են 2 դի:
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածները նշված տան բնակիչներ 84-ամյա Ալբինա Ղ.-ն է և 59–ամյա Նաիրա Հ.-ն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Բնակարանի միջանցքում առկա է եղել գազի վառարան՝ գազը վառած վիճակում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են: