Search
Close this search box.

Տղե՛րք, դուք այդտեղ ի՞նչ եք անում, ինչի՞ համար եք այդքան շատ, ոնց եք այդտեղ հայտնվել.Արթուր Մեսչյանը` քաղաքապետարանի դեմքերի ու դեպքերի մասին

Ինձ վիրավորում է այն հանգամանքը, որ քաղաքապետարանի դահլիճում նստած են այդ դեմքերը. ախր ովքե՞ր են այդ մարդիկ, իրենք ներկայացնում են ինձ, ես արդեն 14 տարի է ՝ ապրում եմ Երևանում, Երևանի քաղաքացի եմ:

Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով օրեր առաջ քաղաքապետարանի նիստերի դահլիճում պատահած միջադեպին:

«Երբ որ մենք դիմում էինք մի նախագիծ հաստատելու համար Բոստոնում կամ Քեմբրիջում կամ ուրիշ քաղաքներում, որ մոտավորապես Երևանի չափ քաղաքներ են, միայն Բոստոնն է մեծ, այնտեղ նստում են 12-13 հոգի: Տեսե՞լ եք՝ քանի հոգի է նստած այդ դահլիճում: Հարց է ծագում, տղե՛րք, դուք այդտեղ ի՞նչ եք անում: Այսինքն՝ ինչի՞ համար եք այդքան շատ: Ես չեմ հասկանում: Ովքե՞ր են դրանք, դրանք ո՞նց են այդտեղ հայտնվել, ես չեմ հասկանում, ու ինչի՞ համար են այդքան շատ:

Ասել, որ կնոջը հարվածել չի կարելի, գրկել և դահլիճից հանել չի կարելի, տգեղ է, նշանակում է՝ ոչինչ չասել: Այստեղ ուրիշ խնդիր կա: Արդյոք մարդկանց կյանքը բարելավելու համար այդ կեղտաջուրը պե՞տք էր բերել դահլիճ: Իսկ այդ շրջանում, որ այդ խայտառակ վիճակի մեջ են, ղեկավարություն չկա՞: Որտե՞ղ է իրենց պատասխանատվությունը: Այսօր այդ կեղտաջուրը կբերենք, վաղը թունավորված ուտելիքը կբերենք Կառավարություն: Այսինքն՝ ամեն ինչ պետք է բերվի դրվի սեղանի՞ն, որ հասկանանք՝ այսպես չի կարելի»,-հարցադրում է արել Արթուր Մեսչյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ երբ Երևանում որևէ շենք-շինություն են քանդում, վերակառուցում, փոփոխում, մեծ աղմուկ է բարձրանում՝ ճարտարապետն ասել է, որ ցանկացած քաղաք ունի իր ամենաանկեղծ կետերը, իսկ ճարտարապետության կետը միջավայրն է:

«Քաղաքը տարածք է, որը մարդուն պարգևած է իր կյանքն ապրելու համար: Երբ որ բավականին չմտածված վերանում է այն միջավայրը, որը տվյալ սերնդի համար, որ ապրում է այդ տարածքում, որոշակի արժեք է ներկայացնում, բնականաբար ընդվզում պետք է լինի: Այստեղ ուրիշ հարց կա: Քաղաքը մեռյալ տարածք չէ, քաղաքը մշտապես զարգացող օրգանիզմ է: Ինչ, որ կառուցվել էր վաղուց՝ ինչ-որ չափով վերացվել է: Ինչ որ կառուցվում է այսօր, կարող է հետագայում ձևափոխվել, վերակառուցվել և այլն: Քաղաքն աճում, զարգանում է: Այստեղ խնդիրն է այն է, թե որ ուղղությամբ է զարգանում, այն ուղղությամբ, որ ուղեղի պարունակությունն առկա՞ է, թե ոչ»:

Արթուր Մեսչյանի ձևակերպմամբ՝ քաղաքը միայն շենքեր չեն, տրանսպորտ է, ինֆրաստրուկտուրա է, մի բարդ համակարգ է: Երգիչ-երգահանը ցավով նշել է, որ երբ խոսում են քաղաքի մասին, խոսում են շենքերի կառուցապատման, ճակատների մասին, բայց քաղաքը շենքի ճակատ չէ:

«Դա նույնն է, որ մարդու մասին խոսելիս խոսենք կաշվի որակի մասին, բայց կաշին ընդամենը կաշի է, մարդը շատ ավելի բարդ համակարգ է: Մինչև մենք քաղաքին չմոտենանք այս տեսանկյունից, մենք կունենանք շատ խնդիրներ: Մենք կունենանք այն կեղտաջուրը, որ այն օրը բերեցին քաղաքապետարան, որովհետև բնակիչներն այդքան ժամանակ ապրում են այդ իրավիճակում, այ դա էլ է քաղաք: Այսինքն՝ քաղաքը միայն գեղեցիկ ճակատ չէ, քաղաքը միայն սրճարան չէ, քաղաքը գեղեցիկ ինտերիերով ռեստորան չէ, քաղաքը շատ բարդ համակարգ է»:

Ըստ Արթուր Մեսչյանի՝ քաղաքը միևնույն ժամանակ շատ թանկ հաճույք է: Եթե այն չի կարողանում գեներացնել բավականին մեծ գումարային հիմք, այդ քաղաքը միշտ ունենում է խնդիրներ: «Ընդհանրապես, մի արտահայտություն կա, ասում են՝ քաղաքը փող ստեղծող մեխանիզմ է, բայց, չգիտես ինչու, մեզ մոտ քաղաքը՝ որպես եկամուտ ստեղծող ֆինանսական բազա, այդքան լավ չի աշխատում»:

Please enter a valid URL