«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանն այս պահին բերման են ենթարկում Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք Վերին Ոսկեպարի տարածքն այցելելու համար: Այս մասին գրել է Հրանտ Տեր-Աբրահամյանը։
«Այդ տարածքում գտնվում է «Մարտական եղբայրության» և «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքը, որտեղ մարզումներ էին իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար՝ համաձայն Նոյեմբերյանի համայնքապետարանի և Մարտական եղբայրության կնքած համագործակցության հուշագրի:
Վերին Ոսկեպարը նախկինում եղել է ադրբեջանական այսպես կոչված անկլավ Հայաստանի տարածքում: Այն գտնվում է Ոսկեպար գյուղից վերև, բարձունքում և ունի իշխող դիրք շրջակա տարածքի նկատմամբ:
Կիրակի, մարտի 3-ին, Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա: Դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է, որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը:
Մանրամասները կհաղորդենք իրավիճակի զարգացմանը զուգահեռ:
Պարզ է, որ տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ, և նախաձեռնությունն իրականում գալիս է ոչ թե Նոյեմբերյանի ոստիկանությունից, այլ ՀՀ ղեկավարությունից:
Մեր խնդիրն ու հարցը հենց ՀՀ ղեկավարության հետ է՝ արդյո՞ք որ օրենքով կամ ինչպիսի իրավական հիմքով է ՀՀ քաղաքացիներին կամ հատկապես Մարտական եղբայրության անդամներին արգելված մուտքը Վերին Ոսկեպարի տարածք»։