Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում և Սիրիայում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ուրբաթ օրը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։
«Օրակարգում բազմաթիվ հարցեր կան, բացի երկկողմ համագործակցությունից, մենք քննարկել ենք տարածաշրջանային խնդիրներ։ Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու Կովկասում խաղաղության գործընթացը (Հայաստանի և Ադրբեջանի միջև — խմբ.), քննարկեցինք նաև տարբեր խողովակներով իրականացվող գործընթացները՝ կապված Սև ծովի անվտանգության խնդիրների հետ։ Սիրիայի հարցում ևս անհրաժեշտ է քննարկել մի շարք հարցեր, դա ավելի շատ ժամանակ է պահանջում, բայց մեզ հաջողվեց քննարկել այս թեման, մենք պայմանավորվեցինք ավելի շատ ժամանակ հատկացնել այս թեմային»,- ասել է Ֆիդանը Անթալիայում դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում։ .