Search
Close this search box.

Հայաստանը կարող է բախվել ՀԱՊԿ-ից լիարժեք պաշտպանությունը կորցնելու վտանգի առաջ. Բորդյուժա

Երբ Հայաստանը քննարկում է ՀԱՊԿ-ին մասնակցության իրավական կասեցման հարցը, երկիրը կարող է բախվել կազմակերպությունում ձայնի իրավունքի կորստի և ՀԱՊԿ-ից լիարժեք պաշտպանությունը կորցնելու վտանգի առաջ։ Այս մասին ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Եթե Հայաստանը, այնուամենայնիվ, դադարեցնի իր անդամակցությունը կազմակերպությանը, նա այլևս չի մասնակցի որոշումների կայացման գործընթացին և ՀԱՊԿ միջոցառումներին, որոնք իրականացվում են ընդհանուր անվտանգության ամրապնդման նպատակով։

Սա նշանակում է, որ այն առայժմ սառեցված ռեժիմում է լինելու, այդ թվում՝ անվտանգության համակարգի հետ կապված»,-նշել է Բորդյուժան։

Նա հավելել է, որ եթե նման սցենարն իրագործվի, ապա հավանականությունը, որ կազմակերպությունը ինչ-որ կերպ Հայաստանի վրա կտարածի անվտանգության բոլոր համակարգերը, մեծապես կկրճատվի: Նա նաև կասկած է հայտնել, որ Հայաստանը կկարողանա իրեն ապահովել այլընտրանքային անվտանգության համակարգով։

Բորդյուժան նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում մասնակցության պաշտոնական կասեցման մեխանիզմը գոյություն ունի և նախկինում արդեն կիրառվել է։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել ՀԱՊԿ–ի աշխատանքից` հայտարարելով, որ կազմակերպությունն անվտանգության ապահովման փոխարեն, հակառակը, խնդիրներ է ստեղծում։ Նա ընդգծել էր, որ ներկայիս վիճակի պահպանման դեպքում Հայաստանը կարող է անցնել ՀԱՊԿ–ում իր մասնակցության փաստացի սառեցումից իրավաբանական կասեցման։

Please enter a valid URL