Հայաստանը պատրաստ է թեկուզ հիմա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և ապաշրջափակել հաղորդակցությունները։ Այս մասին Անթալիայում Դիվանագիտական ֆորումում ասել է խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Եթե Սերդարը համաձայնի, մենք կարող ենք այդ մասին այսօր հայտարարել։ Հուսով եմ, որ դուք համաձայն եք, և այս ֆորումը կդառնա պատմական: 2022 թվականի հուլիսին ես և Սերդարը հայտարարեցինք, որ 2023 թվականի ամռանը կբացենք ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, իսկ հետո՝ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Ցավոք, դա դեռ տեղի չի ունեցել։ Հայկական կողմից դրա համար ողջ ենթակառուցվածքը պատրաստ է»,- ասաց Ռուբինյանը։
Նա նշեց, որ նման առաջարկ է արել, քանի որ զգում է, որ Թուրքիան չի կարող ավելի առաջ գնալ. «Բայց եթե երկու երկրները ցանկանում են հարաբերությունների կարգավորում և հաշտեցում, երկու երկրների ժողովուրդները պետք է հաղորդակցվեն միմյանց հետ։ Մեկուսացումն ամրապնդում է պատմական կարծրատիպերը և հիմնված չէ յուրաքանչյուր կողմի շահերի վրա»։
Ռուբինյանը հիշեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ երկու երկրների սահմանները բաց էին մարդասիրական օգնություն տրամադրելու և ստանալու համար, և սա, ըստ նրա, հուզիչ պահ էր. «Մենք պետք է ի վիճակի լինենք բացել սահմանները ոչ միայն ողբերգության ժամանակին, բայց նաև ուրախ, բարենպաստ պահին բացել սահմանները։ Ես պատճառ չեմ տեսնում Թուրքիայի հետ փակ սահմանը պահելու համար»։