Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի, «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Նրա կարծիքով՝ պատերազմից խուսափելու և տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու երկու ճանապարհ կա, և Հայաստանը պետք է որոշում կայացնի, թե որ ճանապարհով ընթանա: Առաջինը, ըստ Բաբայանի, Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին Մեղրիով Նախիջևանի հետ կապվելու ավտոճանապարհ՝ միանաշանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհի վրա։ Բայց, այդ դեպքում Երևանը խնդիրներ կունենա Իրանի հետ։
Թեհրանը, ըստ Սամվել Բաբայանի, դեմ է այդ ավտոճանապարհի տրամադրմանը, քանի որ այդ դեպքում կկորցնի ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ։ Այսօր Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվում է Իրանի ճանապարհով։
«Մենք ունենք այսօր ճանապարհային քարտեզ, այպես ասենք, «Խաղաղության խաչմերուկ» կոչված, որը ներկայացրել է գործող իշխանությունը, բայց մենք գնում ենք պատերազմի, այլ ոչ թե խաղաղության խաչմերուկի։
Փորձեմ հիմնավորել։ Եթե Թուրքիան 220 կիլոմետր ճանապարհ է կառուցում, այս տարի տենդեռը սկսվել է, երկաթուղի և տրանսպորտի մինչև Նախիջևանի կամուրջ, Ադրբեջանը Ռուսաստանի հետ մինչև Ռուսաստան արել է, հիմա հակառակ՝ եկել է Հորադիս ու գալիս է դեպի այստեղ, այսինքն՝ մեջտեղը մնում է Հայաստանը, մենք այդ ճանապարհը չենք տալիս, գործող իշխանությունը հայտարարում է, ասում է՝ մենք այդ թեման չենք էլ քննարկելու, չկա նման բան, կա խաղաղության խաչմերուկը Կապանով, Սիսիանով, Սոթքով, Դիլիջանավ, ուզում են, թող օգտվեն։ <>
Դրա համար Ադրբեջանը երբ վստահ առանց մեր համաձայնության արդեն իսկ կառուցում է այդ ճանապարհները, Թուրքիան բանակի 17 միլիարդ բյուջեն հասցրել է 43, թե 44 միլիարդի, Ադրբեջանը 2.8 միլիարդից 6 միլիարդի է հասցրել, այդտեղ խաղաղություն չկա։ Մենք մեծ քայլերով տանում ենք պատերազմի։ Ադրբեջանն ամեն անգամ մի պատճառ է դնելու, ասի՝ դուք կրակեցիք, մենք սպանեցինք», — ասաց Սամվել Բաբայանը։
«Ես ի՞նչ եմ առաջարկում, ես ասում եմ՝ եկեք որոշենք՝ որ ճանապարհն ենք ընտրում։ Ադրբեջանն առաջարկում է տարածաշրջանի լոգիստիկ ճանապարհները, որը և Հայաստանի, և Թուրքիայի, և Կենտրոնական Ասիան, և դա ամբողջ Եվրոպայի ու Ամերիկայի կարծիքն է, Ռուսաստանի տակից դուրս բերել և Կենտրոնական Ասիան, և Կովկասը», — շարունակեց նա։
Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ինչպես է ինքն այդ ճանապարհը պատկերացնում՝ անարգել, առանց խոչընդոտի, ռուսներն էլ պետք է իրենց անվտանգությունն ապահովեն՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեջբերելով, Սամվել Բաբայանն արձագանքեց. — «Ադրբեջանի նախագահի խորհրդականը ասաց՝ մենք համաձայն ենք Կալինինգրադի տարբերակը քննարկենք, իսկ դա տրանզիտ է ավտոմատացված, մուծումներն անում ես, անցնում ես»։
Հարցին՝ այսինքն՝ կարելի՞է ինքնիշխանությունը պահպանելով այդ ճանապարհը տրամադրել Ադրբեջանին, արցախցի նախկին պաշտոնյան պատասխանեց. — «Ոչ թե կարելի է, այլ այլընտրանք էլ չկա, որևէ այլ կերպ իրենց ճանապարհ չի տալիս, բայց մենք պետք է այդտեղ հասկանանք, որ երբ մենք այդ տարածքով ճանապարհ ենք տալիս, և Նախիջևանի ինքնավար հանրապետությունը, որն այսօր ավելի շատ Իրանի ազդեցության տակ է, քան Ադրբեջանի, ավտոմատ զրոյանում է Իրանի ազդեցությունը Ադրբեջանի վրա Նախիջևանի միջոցով և ինչո՞ւ ոչ, ընդհանրապես։
Այսօր եկել է, ասում է՝ հանկարծ դուք այդ ճանապարհը եթե դուք տաք, մեր կարմիր գիծն է։ Ճանապարհը՝ երկաթուղին Արաքս գետի ափով է անցնում, կողքով ադրբեջանցին ասում է՝ նոր ճանապարհ կառուցենք, որ ես այդտեղով կապվեմ Նախիջևանի հետ, ամենակարճ ճանապարհը լինի, Իրանի Իսլամական պետությունն ասում է՝ դա կարմիր գիծ է ինձ համար, և Հայաստանի քաղաքական ղեկավարության առջև դնում է, որ դա չտրամադրեն։ Սա մեկ խնդիր է։
Հիմա կարող ենք խոսենք, ինչ, Ղարաբաղը պետք է վերադառնա, Ղարաբաղի ինքնավար հանրապետություն, այդ ճանապարհի գինը շատ թանկ է։ Դա այդպես չէ, այդտեղ մի շարք հարցեր կան, որից ես չեմ խոսում։ Ես ասում եմ ռազմավարությունը, որը թուրք-ադրբեջանական Կենտրոնական Ասիայի և Արևմուտքն ընդհանրապես, մենք այդտեղ մասնակցո՞ւմ ենք, թե՞ չենք մասնակցում։ Եթե մասնակցում ենք, պիտի այդ ճանապարհը տանք»։
Հաջորդը, ըստ Սամվել Բաբայանի, Իրանին չնեղացելու և այդ ճանապարհի տրամադրումը մերժելու ճանապարհն է, բայց այս դեպքում էլ, ըստ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի՝ պետք է ուժեղացնել բանակը և խորացնել համագործակցությունը թե Իրանի, թե Ռուսաստանի հետ։
«Երկու ճանապարհ է՝ Արևմուտքը սա է ուզում, Արևելքը …և մեր հարևաններին դեմ չգնալով, դաշնակցի շահերին դեմ չգնալով պահանջում է այս մի քայլը։ Երրորդը չկա, երրորդը այն խաչմերուկ խաղաղության ճանապարհն է, որը գնում է պատերազմի, տարածաշրջանային պատերազմի է տանելու, ու այնտեղ արդեն մասնակցելու են Իրանը և Ռուսաստանը, ուզի թե չուզի»,- նշեց Սամվել Բաբայանը։