Search
Close this search box.

Սասուն Միքայելյանը հարվածե՞լ է Նիկոլին, և ինչ է կատարվում «Ելք»-ում. պարզաբանում է Արամ Սարգսյանը

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարաձավ հարցին, թե արդյոք դաշինքում քննարկվել է այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը նրան «գործուղել է» Ազատության հրապարակ, իսկ երեկ թեժ խոսակցություն է եղել «Ելքի» առաջնորդների միջև, Սասուն Միքայելյանն էլ փորձել է նույնիսկ հարվածել Նիկոլ Փաշինյանին:
Արամ Սարգսյանն ասաց, որ «Ելք» դաշինքը հայտարարել է, որ հանրությունն իրավունք ունի ըմբոստանալու այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն իր թեկնածությունն առաջադրի վարչապետի պաշտոնի համար:
Նրա խոսքով՝ «Ելք»-ի բոլոր առաջնորդներն իրենց պատվի խնդիրը կհամարեն իրացնել հանրության իրական պահանջը, և դա ակնհայտ է մինչ այսօր Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի և իր կողմից արված հայտարարություններում: Տակտիկական մեթոդների առումով Ելք դաշինքում դեռ քննարկումները շարունակվում են:
«Իսկ ձայն բարձրացնելու և մյուս տեղեկությունները բամբասանքի դաշտից են: Ակնհայտ սուտ է, հավատացեք ինձ, առավել ևս, որ պահքի մեջ եմ, սուտ չեմ ասի»,- հավելեց Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ կոնսենսուս կա թե իր, թե Նիկոլ Փաշինյանի, թե Էդմոն Մարուքյանի, թե Սերժ Սարգսյանի միջև, որքան էլ դա զամանալի թվա: «Որովհետև մենք երեքով համարում ենք, որ երրորդ ժամկետ պաշտոնավարելը ճիշտ չէ: Այստեղ բացառիկ տեսակետների համընկնում է, ինչը շատ ողջունելի է: Եվ դաշինքը բազմիցս հայտարարել է, որ իր համար Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ պաշտոնավարումն անընդունելի է»,- ասաց նա:
Արամ Սարգսյանը չբացեց փակագծերը, ասաց, որ հակված չէ մանրամասնել այն քայլերը, որոնք առաջարկվում են դաշինքում: Ըստ նրա՝ քայլերի առումով մոտեցումները դաշինքում տարբեր են, բայց Ելքում չի ընդունվի այնպիսի որոշում, որը ձեռնտու կլինի իշխանությանը:

Please enter a valid URL