Search
Close this search box.

Մահացել է ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը

Կյանքի 95-րդ տարում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին հայտնել Է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Telegram-ալիքում։

«Մարդ-դարաշրջան։ Եզակի ճակատագրի անձնավորություն և եզակի մասշտաբի պետական գործիչ: Եվ մեծ հոգի: Դա դրսեւորվում էր այն ամենում, ինչով զբաղվում էր Նիկոլայ Իվանովիչը, ինչի հետ շփվում էր»,- գրել է Մատվիենկոն՝ ընդգծելով, որ ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավարն անկեղծորեն եւ խորապես մտահոգված էր իր գործի համար։

Խորհրդարանականի խոսքով՝ Ռիժկովը աշխատանքի մարդ էր, նա իր աշխատանքով վաստակել է պատիվն ու հարգանքը։ Ռիժկովի մահվան պատճառների մասին Մատվիենկոն չի հայտնել:

Նշենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Ռիժկովը նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։

Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով, կարևորել Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։

Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։

Please enter a valid URL