Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՊԵԿ նախագահի տեղակալի կնոջ աշխատավարձը կրկնապատկվել է, մեքենայի արժեքը՝ եռապատկվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի հայտարարագրերը լավագույնս արտացոլում են ՔՊ-ական իշխանավորի հետհեղափոխական դասական կյանքի ուղին։ ՀՀ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Արտյոմ Սմբատյանը մինչեւ 2018-ը աշխատում էր Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունում որպես օպերլիազոր։

Հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ի հուլիսից մինչեւ սեպտեմբեր, աշխատել է Առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, նոյեմբերից դեկտեմբեր՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ապա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 2019թ.-ի մարտից մինչ դեկտեմբեր Սմբատյանը եղել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։

Այդ ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ Սմբատյանն իրավունք չուներ զբաղեցնելու Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ չի համապատասխանել այդ պաշտոնին առաջադրված պահանջներին։ Գլխավոր քարտուղարից հետո Սմբատյանը նշանակվեց առողջապահության փոխնախարար, պաշտոնավարեց երկու տարի, իսկ 2021թ.-ի օգոստոսին նշանակվեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Առողջապահական ոլորտում Սմբատյանի անցած ուղին մեծ հնարավորություններ է տվել ոչ միայն իրեն, այլ նաեւ կնոջը եւ զոքանչին։

Այսպիսով, եթե Սմբատյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը, 2019 թվականին «Սուրբ Գրիգոր Լուսավորչ» ԲԿ-ում վարձատրվում էր տարին 3,4 միլիոն դրամ, ապա մեկ տարի անց նրա տարեկան աշխատավարձը գրեթե կրկնապատկվում է` դառնալով 5,1 միլիոն դրամ։ Եվ այս կտրուկ փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Մկրտչյանի ամուսինը ճամփորդում է առողջապահական ոլորտի ցանկալի պաշտոններով։ Ավելին՝ 2020 թվականին բժշկուհին՝ Գոհար Մկրտչյանը, սկսում է աշխատել միանգամից 3 հիվանդանոցում, իսկ մեկ տարի անց վաճառում է իր Nissan մակնիշի ավտոմեքենան եւ նույն օրը եռակի թանկ՝ 6,2 միլիոն դրամով, ձեռք է բերում BMW մակնիշի ավտոմեքենա։ Սմբատյանի զոքանչի մասին դեռ 2022 թվականին մամուլը գրել էր, որ Կարինե Համբարյանի նյութական վիճակը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է։ 2019թ.-ին իր անունով ուներ գրանցված միայն մեկ բնակելի տուն, որը ժառանգություն է։ Նա հասցրել է ձեռք բերել նաեւ մեկ բնակելի տուն Աջափնյակ վարչական շրջանում եւ բնակարան Աջափնյակում։ Համբարյանի անունով գրանցված գույքերից ամենատպավորիչը Երեւանի Աբովյան փողոցում ձեռք բերված երկհարկանի բնակարանն է։

Ստացվում է, որ ոչ միայն պատգամավորներն ու նախարարներն են օգտվում իրենց ընձեռնված «հնարավորությունից», այլ նաեւ նրանց ընկերները։ Այդ ընկերները, ստացվում է, ավելի շատ ունեցվածք են կուտակում, քան նրանց հովանավորողները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL