Տեղ հասանք, իջեք: Ակտիվ շրջանառության մեջ է դրվել «Հայաստանը Վրաստանին տարածքներ կհանձնի» վարկածը: Խոսքը Ալավերդու գյուղերից մեկին հարող տարածքների մասին է:ՀՀ ԱԳՆ այդ տեղեկությունը ոչ հաստատում է, ոչ հերքում: Այս մասին գրում է իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը
Փաստորեն, Հայաստանը բոլոր հարևաններին տարածքներ է «պարտք»: Ընդ որում, տարածքային «պարտավորություններն» ի հայտ եկան Փաշինյան Նիկոլի իշխանության հետ մեկտեղ և դա տրամաբանական է: Ինչու՞:
2023թ մայիսի 24-ին Փաշինյան Նիկոլն ասաց, որ «մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք»: Այս արտահայտությունը Հայաստանի հարևան (և ոչ միայն) պետությունների համար ուղիղ հրավեր էր մեր երկրի տարածքների հանդեպ իրավական պահանջներ ներկայացնելու համար: Աշխարհում չի գտնվի գեթ մեկ պետության առաջնորդ, որը կհայտարարի իր պետության կադաստրի վկայականն իբր «չունենալու» մասին: Փաշինյան Նիկոլն դա հրապարակավ հայտարարեց: Արձագանքը չուշացավ: Հերթի մեջ են Ադրբեջանը, Թուրքիան, այժմ նաև Վրաստանը:
Կարծում եմ, որ մոտ ապագայում Իրանը ևս կարող է տարածքային պահանջ ունենալ Հայաստանի հանդեպ: Ինչու՞ միայն Իրանը: Աշխարհում կադաստրի վկայականով շուրջ 200 պետություն կա: Թեպետ նախապատվությունը սովորաբար հարևաններին է տրվում, սակայն կարծում եմ, որ աշխարհի բոլոր պետությունները հավասարության սկզբունքով կարող են Հայաստանի վաճառքի հնարավոր աճուրդին մասնակցել: