«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ ֆրակցիայի երեկվա նիստում որոշել են, որ ՀԾԿՀ, Մրցակցության հանձնաժողովի նախագահների եւ ՍԴ անդամի պաշտոնում ներկայացված թեկնածուների հարցին կանդրադառնան ԱԺ-ում այդ հարցերի քննարկումից հետո։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգում 28 հարցերից մեկը հիշյալ 3 կառույցների ղեկավարի եւ անդամի ընտրությունն է, կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում ներկայացրել է գործող ղեկավար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, ով Արթուր Վանեցյանի բաջանաղն է, ՄՀ նախագահի պաշտոնում՝ գործող ղեկավար Գեղամ Գեւորգյանի, իսկ դատավորների ընդհանուր ժողովն էլ Դավիթ Բալայանին է որոշել գործուղել ՍԴ։
Անցած օրերին չնայած երեքն էլ անցել են ՔՊ-ի խոշորացույցով, ֆրակցիայում փակ հանդիպում է եղել առանձին-առանձին, սակայն միայն Գեղամ Գեւորգյանի հարցում կա հստակ որոշում, որ ընտրելու են:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Բաղրամյանին կառավարությունը չառաջադրեր, առանց մտածելու՝ չէին ընտրի, այդուհանդերձ, հարցի քննարկումից հետո, երբ Բաղրամյանն ամբիոնից հանդես գա, պատասխանի հարցերին, ելույթ ունենա, կանդրադառնան նրան։
Ինչ վերաբերում է Բալայանին, չնայած ի սկզբանե նրա թեկնածությունը սվիններով են ընդունել, բայց հանդիպումից եւ Բալայանի պատասխաններից հետո ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ՝ ընտրել, թե ոչ: Որոշել են վերջնական եզրահանգման գալ Բալայանի հրապարակային ելույթներից հետո»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում