«Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով փետրվարի 26-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ էին հրավիրել:
ԱԺ-ից հայտնում են, որ նիստը վարել են Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:
Ի թիվս այլ խնդիրների նշվել է, որ 2023 թվականի հունիսին ՆԳՆ ոստիկանության կողմից ջրային պարեկների կարիքների համար համակարգչային պլանշետ ձեռքբերելու նպատակով կազմակերպվել է աճուրդ, որին մասնակցել է երկու ընկերություն: Կարեն Կարապետյանն արձանագրել է, որ ոստիկանությանը մատակարարվել է մեկ պլանշետը 393,99 հազար դրամով՝ չնայած այն հանգամանքին, որ մատակարարող ընկերությանը պատկանող էլեկտրոնիկայի խանութում նույն պլանշետը վաճառվել է 286,90 հազար դրամ մանրածախ արժեքով: 40 պլանշետի պարագայում տարբերությունը շուրջ 4,250.0 հազար դրամ է եղել: ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի վարչության պետ Արթուր Ափյանը տեղեկացրել է, որ տվյալ ընկերության պարզաբանմամբ գործարանային վերանորոգման արդյունքում 2-3 պլանշետ գովազդի նպատակով վաճառվել է ինքնարժեքից էժան գնով: