Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրատապ դատական նիստ հրավիրելու և խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գարիկ Գալեյանը, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր «Աստղիկ» բուժկենտրոն։
«Խնդրել ենք այլընտրանքային խափանման միջոց կիրառել. գրավ արդեն իսկ կա կիրառված։ Գալեյանը վիրահատվել է, ստենտավորվել և հիմա նրա վիճակը կայուն ծանր է»,– նշեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանի սիրտը ստենտավորել են, տեղադրել են 5 ստենդ, բայց նա ևս 2-ի կարիքն ունի, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա։
Հիշեցնենք նաև` 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։
Դրանից հետո փաստաբանը հայտնել էր, որ Գալեյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Սակայն, չնայած դրան, Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 9-ին մերժեց նրա փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվեց, ընտրվեց տնային կալանքը։ Փետրվարի 21-ին դատարանը տնային կալանքը երկարաձգեց ևս երկու ամսով։
Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց