Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը՝ ելույթ ունենալով Անկարայում Թուրքիա-Ադրբեջան բարեկամության հիմնադրամի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից կազմակերպված արարողության ժամանակ, որը նվիրված էր Խոջալուի դեպքերի 32-րդ տարելիցին։
Թուրք պատգամավորն ասել է, որ «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»։ Նրա խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին։
Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ՝ նկատի ունենալով ժամանակակից Հայաստանի ՈՂՋ տարածքը։ Սակայն Ադրբեջանը դեռևս չի ծրագրում որևէ բան փոխել կամ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։