Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում փետրվար 5–ի պայթյունից տուժած 86-ամյա Ռոզա Նազարյանը մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նոր Արեշի 34-րդ փողոցի բնակիչներից մեկը։
«Ռոզա տատիկը մի քանի օր առաջ մահացել է։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Այնքան լավ կին էր, բոլորս շատ էինք սիրում նրան»,– ասաց բնակիչը։
Տարեց կինը շուրջ 3 շաբաթ «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է եղել, մահացել է հենց այնտեղ։ Փետրվարի 25–ին կնոջը հուղարկավորել են։
Հիշեցնենք` փետրվարի 5–ին` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և 23-րդ տան բնակիչ Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Ավելի ուշ տղամարդուն տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն։
Փլատակներից դուրս են բերվել նաև ամուսինների դիեր։ Մահացածներն են 43-րդ տան բնակիչներ 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։
Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։