Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին չմասնակցել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29»):
Հայտարարության մեջ նշված է․
«ԿՈՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ COP29
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») նախատեսվում է 2024թ-ի նոյեմբերի 11-24-ն անցկացնել Ադրբեջանում։
СОР29-ն անցկացվելու է մի երկրում, որը 2024թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշմամբ հեռացվել է ԵԽԽՎ-ից մի շարք պատճառներով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շրջափակման կազմակերպման և ռազմական գործողությունների, Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումների պատճառով։
Ադրբեջանական վտարանդիների քաղաքացիական կոալիցիան (AZEX)՝ ի դեմս Մարդու իրավունքների ինստիտուտի (IHR) և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (IRFS), ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակին և թույլ չտալ երկրի ներկայիս իշխանություններին քաղաքական դիվիդենտներ կորզել երկրում COP-29-ի նման լայնածավալ իրադարձությունից:
Ադրբեջանում անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության դեմ ծավալվող ճնշումների ֆոնին ստեղծվում են կեղծ «հանրային» ասոցիացիաներ, օրինակ վերջերս ստեղծված Environment First կոալիցիան, որը առաջ է տանում Ալիևի կառավարության ագրեսիվ և ռազմական օրակարգը: Կոալիցիայի հիմնադիրներից է Ամին Մամեդովը, ով 2022-2023 թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման ակտիվ մասնակից։ Շրջափակման արդյունքում շուրջ 120.000 մարդ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից, ջեռուցումից և դեղորայքից։ Կեղծ բնապահպաններին այնուհետև փոխարինել են զինվորականները։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը բռնի տարհանվել են իրենց տներից։ Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց էթնիկ զտման։
Ադրբեջանն ընդլայնում է ածխածնի վրա հիմնված վառելիքի արտադրությունը՝ խոշոր նավթային ընկերությունների և որոշ քաղաքական առաջնորդների
աջակցությամբ: Միևնույն ժամանակ, զգալիորեն աճում են կլիմայական ռիսկերը և շրջակա միջավայրի վնասներ։ Ապշերոնի թերակղզու տարածքը աղտոտված է նավթով և նավթամթերքներով, բերիլիումով, կապարով, ուրանով (https://tehranconvention.org/system/files/tcis/caspian_soe_2011_rus.pdf)։ Աղտոտված տարածքը կազմում է 21,3 հազար հեկտար (TASIS 2009):
«Ազեր-Յոդ» ՍՊԸ-ն ռադիոակտիվ յոդ է արտանետում Միլ Մուգանի ոռոգման ջրանցք, որը ջուր է մատակարարում Ադրբեջանի Նեֆթչալի շրջանի Միրղուրբանլի և Յենի Գըշլագ գյուղերը։ Բնակիչները դժգոհել էին, սակայն կառավարության կողմից վերահսկվող մամուլը հարցազրույց է վերցրել միայն ընկերության աշխատակիցներից։ https://media.az/society/1067841929/radioaktivnyy-yod-travit-zhiteley-neftchaly-foto/.
2023թ. Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել ցիանային պոչամբարի կառուցմանը, որը նախատեսված էր Գյադաբայի ոսկու և արծաթի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած թափոնների համար: Բնակիչների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել էին բռնի գործողություններ՝ մահակների, ռետինե փամփուշտների, պղպեղի և արցունքաբեր գազի կիրառմամբ։ (https://caneecca.org/azerbajdzhan-mestnoe-naselenie-protiv-czianidnogo-ozera/): Որևէ ադրբեջանական կազմակերպություն հանդես չի եկել ի պաշտպանություն Սոյուդլու գյուղի բնակիչների և շրջակա միջավայրի։
Անկախ հասարակական կազմակերպությունների և ազատ մամուլի մասնակցությունը COP 29-ին Բաքվում չունի անվտանգության երաշխիքներ, չի կարելի բացառել սադրանքները կամ այդ երկրից բռնի վտարումը, ինչպես դա եղավ Շվեյցարիայի խորհրդարանի անդամ Նիկ Գուգերի հետ Ադրբեջանում 2024թ. նահագահական ընտրությունների ժամանակ, ով կոպիտ և ցուցադրաբար արտաքսվեց Ադրբեջանից՝ չնայած Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված դիտորդի կարգավիճակին և շվեյցարական դիվանագիտական անձնագրին։
«Մենք մտահոգված ենք կլիմայական ակտիվիստների անվտանգությամբ, ովքեր գնալու են COP29-ին: Մենք գիտենք, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը շատ սահմանափակ է իր գործունեության մեջ և չի կարող ապահով կերպով պաշտպանել սոցիալական կարևոր հարցեր: Մեր անդամներն արդեն խտրականության են ենթարկվել կլիմայի շուրջ բանակցությունների ժամանակ, ուստի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի անվտանգությանը և քաղաքացիական հասարակության մասշտաբային մասնակցությանը COP29-ին», — նման մտահոգություն է հայտնել միջազգային խոշորագույն CAN EECCA կլիմայական ցանցի համակարգող Օլգա Բոյկոն: https:// caneecca.org/cop29-proidet -v-azerbaidzhane/
Մենք՝ ներքոստորագրյալ ՔՀԿներս, հաշվի առնելով Ադրբեջանի վերաբերյալ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների՝ ԵԽԽՎ-ի դիրքորոշումը,
քաղաքացիական հասարակության բազմաթիվ հայտարարությունները միջազգային հարթակներում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչպես նաև մերժելով ադրբեջանական կեղծ էկոլոգիական կազմակերպությունների և կոալիցիաների՝ Ալիևի բռնապետական ռեժիմի ագրեսիվ քաղաքական օրակարգ պարտադրելու մանիպուլյատիվ փորձերը՝ կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը չմասնակցել նավթ արդյունահանող լոբբիի կողմից կազմակերպվող քաղաքական շոուին՝ COP29-ին։
Հայտարարությունը բաց է միանալու համար։
1. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
2. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
3. «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
4. «Դալմա-Սոնա» բնապահպանական հիմնադրամ
5. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
6. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
7. «Հելսինկյան ասոցիացիա» Իրավապաշտպան ՀԿ
8. «Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ
9. «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
10. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
11. «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
12. «Հայաստանի անտառներ» ՀԿ
13. «Հայկական բնապահպանական ճակատ» Կամավորական նախաձեռնություն
14. «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
15. «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
16. «Փինք» իրավապաշտպան ՀԿ
17. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
18. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
19. «Հաջողակ կին» ՀԿ
20. «Հանրային Վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ
21. «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ
22. «Նոր հորիզոններ» ՀԿ
23. «Կանաչ փոփոխություն» ՀԿ
24. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
25. Գորիսի մամուլի ակումբ
26. Հանրային լրագրության ակումբ
27. «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ
28. «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
29. Քիմիական անվտանգության կոալիցիա
30. Իրավունքների զարգացման և պաշտպանության Հիմնադրամ
31. «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ»