Search
Close this search box.

Շինարարությունն ուշացնողների հետ պայմանագրերը կլուծվեն. Ավինյան

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն ՊՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար շինարարին տրվել է մինչեւ այսօր. Աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքում կապալային գնման պայմանագիրը միակողմանի կլուծվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը:

Նա տեղեկացրեց, որ տեղի է ունենալու հանդիպում-քննարկում բոլոր ժամկետանց շինարարությունների կապալառուների հետ, որտեղ հստակեցվելու են վերջնաժամկետները եւ խիստ զգուշացում է տրվելու, որպեսզի խելամիտ ժամկետում ավարտեն շինարարությունը. հակառակ պարագայում ծրագրերն իրականացնող ընկերությունների հետ համայնքը միակողմանի կլուծի պայմանագրերը:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Կարծում եմ՝ ժամանակն է եկել, որպեսզի մերնք խաղի կանոնները շատ հստակ ասենք ինչպիսին են: Այդ խաղի կանոններն այլեւս ուշացումներ չեն ենթադրում: Վստահ եմ, որ ժամանակի ու որակի տեսանկյունից անգամ պայմանագրերի լուծման դեպքում միանշանակ կշահենք»,- ընդգծեց նա:

Please enter a valid URL