«Հրապարակ» թերթը գրում է. Պաշտոնական այցով Երեւան ժամանած Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյունին եւ Սուրեն Պապիկյանը նախ առանձնազրույց ունեցան, ապա՝ համատեղ ասուլիս։ «Հայաստանը Ֆրանսիայից ձեռք բերեց պաշտպանական նշանակության զինտեխնիկայի առաջին խմբաքանակը»,- հայտարարեց հյուրը։ Ֆրանսիական աղբյուրների հաղորդմամբ՝ դրանք մինչեւ 250 կմ հեռավորության վրա ինքնաթիռներ հայտնաբերող 3 ռադար են, գիշերային տեսողության հեռադիտակներ։
«Փարիզ այցելության ժամանակ Դուք ստորագրեցիք առաջին վաճառքի նյութ հանդիսացող զենքի տեսականին, երեկ երեկոյան արդեն առաջին խմբաքանակը ստացաք։ «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը նույնպես կլինի։ Չմանրամասնեմ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհետեւ առաջնահերթ է այս տարածաշրջանում ե՛ւ բնակչության, ե՛ւ սահմանների պաշտպանությունը։ Որեւէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության ունակություններն ուժեղացնելու համար»,- հայտարարեց ֆրանսիացի նախարարը։
Հանդիպումը լուսաբանող հայ եւ ֆրանսիացի լրագրողները հնարավորություն ունեին ընդամենը 3 հարց տալու։ «Հրապարակ»-ը ֆրանսիացի նախարարին հարցրեց՝ Հայաստանն օդից պաշտպանվելու խնդիր ունի, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը մեծաքանակ հարվածային ԱԹՍ-ներ է ձեռք բերել, որոնք հարձակվողական բնույթի են, նաեւ իրականացրել է ինքնաթիռների մոդեռնիզացիա, Ֆրանսիան մտադի՞ր է մեծացնել ՀՕՊ համակարգերի մատակարարման ծավալները։ Նախարարը պատասխանեց՝ եթե Հայաստանը կարիք ունենա, ՀՕՊ հրթիռներ նույնպես կտրամադրվեն։ «Այս հարցով շատ քննարկումներ են տեղի ունեցել։ Վերջերս տեղի ունեցած հակամարտություններից հասկացել ենք, որ պաշտպանությունն ամենակարեւոր բանն է։ Հարձակվողական ինքնաթիռների դեմ պաշտպանության համար Ֆրանսիայում կարեւոր աշխատանք ենք տանում` մեր օդն ավելի լավ պաշտպանելու համար։ Որքանով մենք հզորացնում ենք մեր բազան, այդքան այն հայելային ձեւով ազդում է մեր եւ Հայաստանի հարաբերությունների վրա։ Այդ առումով մենք խոսել ենք Պապիկյանի հետ։ Մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը պաշտպանելը, եթե նրանք հարձակման զոհ դառնան»,- ասաց նա:
Ֆրանսիացի լրագրողը Պապիկյանին հարցրեց` վտանգ կա՞ Ադրբեջանի կողմից, դա՞ է ստիպում Երեւանին նոր պայմանագիր կնքել։ Նա ասաց. «ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է՝ սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով։ ՀՀ-ի կողմից գնվող զենք-զինամթերքն ուղղված չէ որեւէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Չեմ կարող հերքել, որ կա վտանգ։ Վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից։ Մեր պարտավորությունն է՝ պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Անկախ նրանից՝ մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կունենանք, ՀՀ զինված ուժերը շարունակելու են պաշտպանական զենք-զինամթերքի գնումը, եւ մեր այսօրվա ստորագրած պայմանագրերը հենց դրա մասին են»։
Փորձագետ Մհեր Հակոբյանն անտեղի է համարում շահարկումները, թե Ֆրանսիայից ստացած զենքը պաշտպանողական է, մինչդեռ Հայաստանը կարիք ունի հարձակվողական զենքի։ Նրա խոսքով՝ անգամ ՀՕՊ համակարգը լայն ասպեկտով հարձակվողական է, քանի որ մեծացնում է այն ունեցող պետության պաշտպանությունը եւ հնարավորություն է տալիս նաեւ հարձակվելու։
«Անգամ առերեւույթ ամենապաշտպանական «զենքը»՝ զրահաբաճկոնը, հարձակվողական է, քանի որ դու այն կրելով կարող ես մեծացնել քո հարվածային հնարավորությունները։ Պարզ օրինակ բերեմ․ եթե ես եւ Դուք կռվենք, եւ իմ հագին լինի զրահաբաճկոն, ես ավելի պաշտպանված լինեմ, քան Դուք, այդ դեպքում իմ հարձակվելու հնարավորությունները կմեծանան։ Երբ մի կողմը ձեռք է բերում ՀՕՊ համակարգեր, ապա դա մեծացնում է պատերազմի հնարավորությունը։ Ցանկացած զենք, որը մեծացնում է սուբյեկտի հարվածային հնարավորությունները, արդեն հարձակվողական զենք է։ Այս իմաստով դրական եմ գնահատում Ֆրանսիայի հետ ձեռք բերված համագործակցությունը»: Անդրադառնալով հնարավոր պատերազմին, վերլուծաբանը շեշտեց՝ Հայաստանը ոչ թե պատերազմի շեմին է, այլ՝ պատերազմի մեջ։ «Ես 2020թ․ նոյեմբերի 10-ից ասել եմ, որ պատերազմը չի ավարտվել, մարդկանց թվում էր, թե Արցախի կորստով այն կավարտվի։ Մեծ քար այն մարդկանց բոստանը, որոնք սրբապղծորեն, անբարոյական ձեւով ասում էին՝ Արցախը տանք, հանգիստ ապրենք։ Դա նման է նրան, որ գան ընտանիքին սպանելու, ընտանիքի հայրն ասի՝ մի երեխային տանք, հանգիստ ապրենք։ 2024թ․ փետրվարի 23-ին՝ 4 տարի անց, կյանքը ցույց տվեց, որ պատերազմը չի ավարտվել»,- ասաց նա։
Փորձագետը նկատում է. «Ցանկացած զենք իր իրական մկրտությունը ստանում է միայն պատերազմի դաշտում։ Ուկրաինական պատերազմում շատ զենքեր մինչեւ մարտադաշտ տանելը համարվում էին սուպերմահաբեր, պատերազմի ընթացքում վարկաբեկվեցին… Եթե նախկինում Ադրբեջանը խոսում էր միայն Արցախի նկատմամբ ունեցած հավակնություններից, ապա այժմ ադրբեջանական քարոզիչները սահմանն անվանում են հայ-ադրբեջանական պայմանական սահման։ Լավ են անում, որովհետեւ 2020-ին մարդիկ իրենց կռիվը մինչեւ վերջ չտարան, իսկ 2021-ին էլ այնպիսի իշխանություններ բերեցին, որոնք մեզ հասցրին էս վիճակին։ Պահանջները մեծանալու են, ստիպում են՝ սահմանադրություն փոխենք, ասելու են՝ պատմության դասագրքերը փոխեք, տղերքի անունն Անդրանիկ մի դրեք»։