Search
Close this search box.

«Հրապարակ»․ «Օվիրի» դիմացի հերթերը՝ մինչեւ «Սիթի» հասնող, կվերանան

«Հրապարակ» թերթը գրում է. ՆԳՆ կազմում գտնվող Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը նոր կառուցվածք ունի։ Հիմքը 2022 թվականին ընդունված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենսդրական փաթեթն է։

Անձնագրային ծառայությունների թիվը կրճատվել է, նախկին 63-ի փոխարեն ունենք միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության 47 տարածքային ստորաբաժանում: Դրանց կանոնադրությունը հաստատվել է հունվարի 1-ին, նոր աշխատակիցների նշանակումներն արվել են փետրվարի 1-ից։

Այս պահին էլ նոր ծառայությունների կազմավորումն ընթացքի մեջ է։ Դրանք ոչ միայն անձնագրային ծառայություններ են մատուցելու, այլեւ կացության, ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու կարգավիճակների վերաբերյալ դիմումներ են ընդունում, ապաստանի հայցեր։ 

Նպատակը ներկայացվում է որպես կառավարման արդյունավետության բարձրացում, միգրացիոն շղթայի արդյունավետ կառավարում եւ այլն։ Ըստ պաշտոնական հավաստիացումների, աշխատողները «նախադեպը չունեցող» վերապատրաստում են անցել եւ «թափանցիկ մրցութային պայմաններում» նշանակվել են քաղաքացիական ծառայության պաշտոններում: Մի մասին էլ, մեր տեղեկություններով, ազատել են աշխատանքից։ 

Փետրվարի առաջին օրերին ՀՀ վարչապետը, այցելելով Միգրացիոն ծառայություն, անձնագրային բաժանմունքների կրճատման քարտեզը ներկայացնելով ասել էր, որ պետք է գնալ միգրացիոն ծառայությունների թվայնացման, որ հետդարձի ճանապարհ չկա, ու թեեւ կան «քաղաքական շահարկումներ», օրինակ, սահմանամերձ բնակավայրերում անձնագրային բաժինները կրճատելու հետ կապված, միեւնույն է` պետք է «անպայման այս գործառույթն իրականացնենք»։

Միգրացիայի հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը կարծում է, որ նոր կառուցվածքն արդարացված է եւ շատ խնդիրներ է լուծում։ «Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը զբաղվելու է մեր քաղաքացիների անձնագրերի տրամադրմամբ, ինչպես որ միշտ էր անում, նաեւ քաղաքացիության դիմումներ  վերցնելով, օտարերկրացիներին կացություն տալու հարցերով, որոնք հիմա էլ են անում։ Պարզապես չպետք է այս բոլոր ծառայությունները կենտրոնացած լինեն Երեւանում։ Հիմա սրանք ցրել են մարզերով, որ ամեն մարզի բնակիչը, օտարերկրացին իր բնակության մարզում ստանա ծառայությունը։ Նախկինում այդպես չէր։ Անձնագրային ծառայություններում տալիս էին «այդի» քարտ, անձնագիր ու սոցքարտ։ Կացության կարգավիճակի քարտերը միայն վիզաների վարչությունն էր տալիս, նույնը` քաղաքացիության կամ քաղաքացիության  դադարի դիմումները։ Հիմա ամեն մարզում դրանք կարելի է ներկայացնել։ Բազան միասնական է։ Ներբեռնում են տվյալները, կենտրոնը տեսնում է, տվյալներն ուղարկում է, ստուգվում են համապատասխան գերատեսչությունում, ուղարկում են տպագրության համապատասխան փաստաթուղթը, անձը գալիս է, ստանում է»,- ասում է Տաթեւիկ Բեժանյանը։ 

Օրինակ, եթե անձն ապրում է Մեղրիում եւ ուզում է աշխատել,  պետք է կացության քարտ ստանալու համար գա Երեւան, Դավթաշեն, իսկ հիմա նա իր կացության քարտը կվերցնի տեղում։ «Բայց կոնկրետ այդ մարդկանց հետ աշխատելու, ինտեգրման պրոցեսը՝ լեզվի դասընթաց եւ այլն, կազմակերպելու է Միասնական սոցիալական ծառայությունը։ Սա շատ ճիշտ է, որովհետեւ նախկինում միգրացիոն ծառայության վրա սոցապի բազմաթիվ խնդիրներ էին դրված, ֆունկցիաների նույնականացում կար, իսկ հիմա ավելի հստակեցում է գնում։ Օվիրի դիմացի հերթերը` մինչեւ «Երեւան սիթի» (Փակ շուկա) հասնող, կվերանան։ Մարդիկ էլ չեն չարչարվի՝ գան կենտրոն»,- նշում է փորձագետը։ 

Ի՞նչ է նշանակում՝ «աննախադեպ վերապատրաստում է արվել», ինչո՞վ էր աշխատողների վերապատրաստումն աննախադեպ։ Ըստ Բեժանյանի՝ անձնագրային եւ վիզաների վարչության, միգրացիոն ծառայության 500-ից ավելի աշխատողներ անցել են «թրեյնինգներ», հանձնել են բանավոր եւ գրավոր քննություններ։ Աշխատանքեց ազատվածներ շա՞տ կան։ «Ոչ, իմ տեղեկություններով, 90-ից ավելի տոկոս հանձնել են քննությունը․ շատ քիչ մարդիկ են դուրս մնացել, որոնք, գուցե, ճիշտ տեղում չէին կամ իրենց աշխատանքը լավ չէին պատկերացնում։ Իսկ աննախադեպն այն է, որ երբեք այդ մարդիկ վերապատրաստում չէին անցել։ Անկախ Հայաստանի պատմության մեջ անձնագրային ծառայության աշխատողները վերապատրաստում՝ իրենց մասնագիտական թեմաներով, չէին անցել»,- ասում է Տաթեւիկ Բեժանյանը։ 

ՀԳ․ Նոր ծառայությունը գուցեեւ պահանջված էր եւ թեթեւացնելու է Հայաստան մտնող օտարերկրացիների կյանքը, բայց դրա աշխատանքի հետ կապված առայժմ լավատեսության հիմքերը շատ չեն։ Ժամանակին նույն եռանդով գովազդվեց Միասնական սոցիալական ծառայությունը։ Ենթադրվում էր, որ այն թեթեւացնելու է քաղաքացու կյանքը։

Բայց հատկապես բռնի տեղահանվածների գալով բոլորս տեսանք, թե ինչ շիլա-շփոթ է տիրում այդ ծառայության բաժանմունքներում, ինչ աղաղակող սխալներով է աշխատում թվայնացված ՄՍԾ-ն, եւ ինչքան արցախցիներ այդ համակարգի թերի, խնդրահարույց աշխատանքի պատճառով գլորվել են աղքատության փոսը։ Չի բացառվում, որ նույնը լինի եւ ՄՔԾ-ի  հետ։

Մանավանդ որ նոր ծառայության ստեղծման առաջին քայլերը՝ անձնագրային ծառայությունների վերացումը հատկապես սահմանային բնակավայրերում՝ Մեղրիում, Վարդենիսում, դժգոհություններ ու ընդվզման ալիք  բարձրացրեց։ Ինչքան էլ ուզում է Փաշինյանն ապացուցել մարդկանց, որ լավ բան է անում, նրան ոչ ոք չի հավատում։ Նոր, արդիական ծառայության ստեղծումը եւս բազմաթիվ քաղաքական հարցեր է առաջացնում, մանավանդ որ լուրեր են տարածվում, թե առաջիկայում մարդկանց մեծ ներհոսք է սպասվում Հայաստան` մուսուլմանական աշխարհից։
 

Please enter a valid URL