«Դեպի Եվրատեսիլ» նախագիծն այլևս անցյալում է: Նախագծի արդյունքների համաձայն՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2018» միջազգային մրցույթում կներկայացնի Սևակ Խանաղյանն իր՝ «Քամի» երգով: Վերջինիս անունը՝ որպես հաղթող, ի սկզբանե քննարկվում էր, սակայն Սևակի՝ որպես գլխավոր մրցակից, առաջ էին բերում նաև երգիչ Մհեր Արմենիային, ով թե իր եվրատեսիլյան երգի, թե տեսահոլովակի պատճառով բավական քննադատությունների արժանացավ այս ողջ ընթացքում: Սակայն երեկ՝ փետրվարի 25-ին, «Դեպի Եվրատեսիլ»-ի եզրափակչիավարտին Մհերը ոչ միայն հաղթող չդարձավ, այլ՝ միջազգային ժյուրիի կողմից ստացավ ընդամենը մեկ միավոր:
Asekose.am-ը կապ հաստատեց երգչի պրոդյուսերի՝ Գեորգի Հարությունյանի հետ՝ զրուցելու նախագծի արդյունքների և Մհերի պարտության մասին:
«Սկսենք նրանից, որ երբ ուղիղ եթերի ժամանակ հնչեց այդ մեկ միավորը, մեզ համար արդեն ամեն ինչ պարզ դարձավ: Մեր թիմի մոտ ոչ թե տխրություն, այլ ժպիտ առաջացավ այդ ամենից, որովհետև ամեն ինչ կրկնվում է»,- նշեց Գեորգի Հարությունյանը՝ շարունակելով.
«Այս տարի մեզ մոտ պարզապես ամեն ինչ շատ «հայավարի» արվեց: Եթե մյուս երկրներում արդյունքներ կեղծելը շատ ավելի քողարկված է լինում, մեզ մոտ ամեն ինչ շատ չոր և կոնկրետ արվեց: Նոր սկսնակ երգիչները, ովքեր, իմ կարծիքով, նույնիսկ չէին կարողանում երգել, իսկ երգելիս էլ՝ սկզբից մինչև վերջ «ֆալշ» էին երգում, ստացան 7 և ավել միավորներ»,- նկատեց Մհերի պրոդյուսերը:
Վերջինս անդրադարձավ նաև Սևակ Խանաղյանին և նրա հաղթանակին.
«Սևակի դեմ մենք ոչինչ չունենք, նա տաղանդավոր արտիստ է: Պարզապես, երբ արդյուքներն ամփոփելուց հետո նրանք իրենց պայուսակներից հանեցին շամպայնը և տոնեցին իրենց հաղթանակը, ապացուցում է այն, որ ամեն բան նախօրոք որոշված էր»,- դիտարկեց Գեորգի Հարությունյանը:
Հարցին՝ արդյո՞ք այս դեպքում ինքը մեղադրում է Հանրային հեռուստաընկերությանը, Գեորգին ասաց.
«Ես չգիտեմ դա Հանրային հեռուստաընկերության, եվրոպական՝ չակերտավոր ասված ժյուրիի կողմից, թե Վիվասելի կամ Բիլայնի կողմից էր որոշված, բայց հույս ունեմ, որ գուցե կգա մի օր, և մենք կտեղեկանանք դրա մասին»,- նշեց Գեորգի Հարությունյանը:
Դիտարկմանը, որ գուցե ժյուրիի անդամների համար Մհերին բարձր միավորներ տալու հարցում խանգարող հանգամանք է եղել այն, որ նրա երգը բավական նման է աշխարհահռչակ Queen խմբի «Who Wants To Live Forever» երգին, Գեորգին ասաց.
«Եթե խոսենք պլագիատի մասին, ապա թող բոլորն ուշադրություն դարձնեն Սարոյի «Քանի» երգին և զրուցեն երգի հեղինակների՝ Ավետ Բարսեղյանի և Ռիչարդ Մադլենյանի հետ՝ հասկանալով, թե արդյո՞ք Սևակի երգը պլագիատ է: Ես երաժիշտ չեմ, ես իրավունք չունեմ խոսելու պլագիատի մասին, միայն կասեմ, որ պլագիատն այն երգն է, որը կրկնվում է նոտաներով: Քանի որ Մհերն անձամբ երգել է «Queen» խմբի հետ, ինքը շատ լավ հասկանում է՝ կարո՞ղ էր տվյալ խմբի երգը պլագիատ աներ, թե՝ ոչ: Մհերը լավ վոկալիստ և երաժիշտ է, նրան տալով ընդամենը մեկ բալ, պարզ է դառնում ամեն ինչ»,- շեշտեց պրոդյուսերը:
Պատասխանելով հարցին, թե չի կարծո՞ւմ, որ եթե հաղթող դառնար Մհերը, ապա արդյունքների կեղծման մասին խոսակցություններ կրկին կլինեին, մանավանդ այն դեպքում, երբ մինչ այս հասարակության լայն հատվածի համար անգամ կասկածի տակ չէր դրվում և ըստ այդմ էլ՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագիծն ընդամենը շոու էր՝ բեկամանացված հատուկ Մհեր Արմենիայի համար, Գեորգին մանրամասնեց.
«Իհարկե, նման խոսակցություններ կլինեին նաև մեր հաղթանակի դեպքում, բայց մենք գիտեինք, որ մենք գնում ենք մասնակցելու և հաղթելու միմիայն մեր ուժերով: Բայց նորից կասեմ, որ բոլորին պարզ դարձավ, որ ոչ մի բան արդար չանցավ»,- նշեց Գեորգի Հարությունյանը:
Իսկ հարցին՝ թե արդյո՞ք հետագայում Մհերը կրկին հայտ կներկայացնի մասնակցելու տվյալ մրցույթին, Գեորգին ասաց.
«Կարծում եմ՝ իրեն հարգող ոչ մի երգիչ այլևս չի մասնակցի այս նախագծին: Ո՞ր հայտնի երգիչը, ստանալով մեկ միավոր, կցանկանա կրկին մասնակցել: Կարծում եմ՝ Մհերի մասնակցությունը կլինի միայն այն դեպքում, երբ նա կլինի միակ թեկնածուն: Այդ դեպքում, կհամաձայնվենք և սիրով ու որակյալ կներկայացնենք Հայաստանը «Եվրատեսիլի» բեմում»:
Նյութը՝ Asekose.am