Ազգային անվտանգության ծառայությունը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի քարտուղարի, պնդում է, թե հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում ռուս սահմանապահները Եվրամիության դիտորդական առաքելությանը չեն խոչընդոտում։ «Ազատությունը» գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ արդյոք ԵՄ դիտորդական առաքելությունը մուտք ունի սահմանի այն տարածքներ, որտեղ այժմ ռուս սահմանապահներն են կանգնած։
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան», — նշել է կառույցը։
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր ունեցավ։ Ներքին Հանդի բնակիչները լրատվամիջոցին հայտնել էին, որ դեպի իրենց գյուղ տանող ճանապարհին ու գյուղում տեղակայված ռուս սահմանապահներն արգելում են եվրոպացի դիտորդների մուտքը։ Նախօրեին նույնն էին պնդել նաև ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը շեշտել էր, որ եվրոպացիները խնդիր ունեն միայն Ներքին Հանդի հատվածում։
«Միայն Ռուսաստանն այդտեղ հասանելիություն ունի, և Ռուսաստանը ներկա է այնտեղ, և Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը, այսինքն՝ ես համոզված եմ, որ իրականությունն այլ է, միանշանակ է, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի, մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել։ <> Մեկ հատված՝ Ներքին Հանդ, այո, այդ խնդիրը, և մենք հասցեագրել ենք այդ խնդիրը», — ասել էր Արմեն Գրիգորյանը։
Թե ինչպես է հայկական կողմը լուծելու այս հարցը, Գրիգորյանը չէր պարզաբանել։ Լրատվամիջոցը հարց է ուղղել Անվտանգության խորհրդին ու կառավարությանը՝ իրավական ի՞նչ հիմքով և ի՞նչ մանդատով են ռուսական ուժերը տեղակայված Ներքին Հանդ տանող ճանապարհին։ Առայժմ պատասխաններ չեն ստացվել։ Լրատվամիջոցը նույն այդ հարցը նաև Ազգային անվտանգության ծառայությանն էր ուղղել, կրկին՝ անպատասխան։ Ծառայությունից միայն մեկ բան են հստակեցրել՝ ռուս սահմանապահները կոնկրետ ժամկետով չեն տեղակայվել, նպատակի մասին էլ ընդհանրական պարզաբանում տվել։
«Ռուս սահմանապահների տեղակայման նպատակը հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանին՝ մոնիթորինգի և հնարավոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջոցառումների իրականացումն է», — հայտնում են գերատեսչությունից առանց հստակեցնելու՝ ինչ միջոցառումների մասին է խոսքը։