Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումն է, որ Ֆրանսիան պետք է աջակցի Հայաստանի պաշտպանության նախարարությանը, այս պահին առաջնահերթությունը պաշտպանական սպառազինությունների ձեռքբերումն է և վերապատրաստումն այդ ամենը կիրառելու համար։ Այս մասին ՊՆ վարչական համալիրում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։
«Ելնելու ենք Հայաստանի օպերատիվ կարիքներից․ մենք պետք է համապատասխան առաջարկներ անենք՝ հաշվի առնելով այդ կարիքները»,- ասաց նախարարը՝ պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք կդիտարկվի՞ Հայաստանում սպառազինության արտադրություն սկսելու հարցը։
Նախարարը շեշտեց՝ Ֆրանսիայի առանձնահատկություններից մեկն այն է, որ բանակի կողմից սպառվող ամեն ինչ հենց ֆրանսիական արտադրության է, ինչը հնարավորություն է տալիս ինքնավար որոշումներ կայացնել արտահանումների վերաբերյալ։ Նա շեշտեց՝ խոսքը բացառապես վերաբերում է պաշտպանական սպառազինություններին, մինչդեռ սոցիալական ցանցերում երբեմն Ֆրանսիայի դիրքորոշումն աղավաղվում է։
«Այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը, և որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանական ունակությունները բարձրացնելու համար»,- հայտարարեց Լըկորնյուն։
Նախարարը նաև հավելել է, որ եթե Հայաստանը կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա, ապա դրանք ևս կմատակարարվեն։
«Սա է նշանակում լինել հավատարիմ և վստահելի գործընկեր, երբ խոսքը վերաբերում է տվյալ երկրի սուվերենությանը»,- հավելել է Լըկորնյուն։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար նշեց, որ իր և պատվիրակության այցը ևս մեկ անգամ շեշտում է Հայաստանի՝ Ֆրանսիայի համար ունեցած կարևորությունը։
Նախարարի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի կողքին լինել ռազմական կրթությանն աջակցության հարցում, և ֆրանսիական ռազմական կրթօջախները բաց են հայ զինվորականների վերապատրաստումների համար։
«Կունենանք ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում, պետք է նաև ուղղորդենք օդային պաշտպանությանն առնչվող ծրագրերը՝ հօգուտ այն բարեփոխումների, որ դուք արդեն իրականացնում եք»,- ասաց ֆրանսիացի նախարարը։