Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բաստիոնները» շուտով Հայաստան կհասնեն․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Շուտով Հայաստանին կմատակարարվեն ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները։ ՊՆ վարչական համալիրում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։ Անդրադառնալով Հայաստանին ֆրանսիական սպառազինությունների վաճառքին՝ նախարարը շեշտեց՝ բոլորն էլ պաշտպանական նշանակության են։
«Այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը, և որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանական ունակությունները բարձրացնելու համար»,- հայտարարեց Լըկորնյուն։

Նախարարը նաև հավելեց, որ եթե Հայաստանը կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա, ապա դրանք ևս կմատակարարվեն։
«Սա է նշանակում լինել հավատարիմ և վստահելի գործընկեր, երբ խոսքը վերաբերում է տվյալ երկրի սուվերենությանը»,- շեշտեց Լըկորնյուն։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար նշեց, որ իր և պատվիրակության այցը ևս մեկ անգամ շեշտում է Հայաստանի՝ Ֆրանսիայի համար ունեցած կարևորությունը։
Նախարարի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի կողքին լինել ռազմական կրթությանն աջակցության հարցում, և ֆրանսիական ռազմական կրթօջախները բաց են հայ զինվորականների վերապատրաստումների համար։

«Կունենանք ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում, պետք է նաև ուղղորդենք օդային պաշտպանությանն առնչվող ծրագրերը՝ հօգուտ այն բարեփոխումների, որ դուք արդեն իրականացնում եք»,- ասաց ֆրանսիացի նախարարը։
Ի դեպ, պատմության մեջ առաջին անգամ է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը այցելում Հայաստան։

Please enter a valid URL