Search
Close this search box.

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ): «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել, հատկապես 2021-2022 թվականներին, և դա չէր կարող աննկատ մնալ մեր կողմից։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունն այդ պայմանագրին։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո», — ասել է նա։
Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ օրակարգում չկա Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու հարցը։

Բացի այդ, Հայաստանի վարչապետը հատուկ մտահոգություն է հայտնել «Հայաստանում ռուս դասալիք Դմիտրի Սեդրակովի առևանգման կապակցությամբ»:
«Մենք չենք կարող անօրինական գործողություններ հանդուրժել մեր տարածքում», — ասել է նա՝ զգուշացնելով, որ հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջներն անպատասխան մնան:
ՀՀ կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի մասին են վկայում այդ երկրի գործողությունները: Նա ուշադրություն է հրավիրել Բաքվի կողմից տարածվող այն նարատիվի վրա, որ Հայաստանը ոչ այլ ինչ է, քան «Արևմտյան Ադրբեջան»:

Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ թե տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղության պայմանագրի է ձգտում, այլ ավելի շուտ` Հայաստանի նոր տարածքների գրավման:

Ինչ վերաբերում է Հայաստանին տրվող ֆրանսիական ռազմական օգնությանը, ապա վարչապետը հերքել է Բաքվի մեղադրանքները, թե Փարիզը յուղ է լցնում կրակի վրա, և ընդգծել է, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր եվրոներ է ծախսում սեփական սպառազինության վրա:
Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Please enter a valid URL