«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների դեմ ՀՀ իշխանությունների հակակրանքի սրացումների պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք չեն ենթարկվել վերեւից իջած հրահանգներին: Մեր աղբյուրը հայտնում է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հստակ ասվել է` ոչ մի քայլ չանել, որը կարող է հարուցել Իլհամ Ալիեւի զայրույթը․ փետրվարի 21-ին՝ Արցախյան շարժման 36-ամյակին, Եռաբլուր չայցելել, ուղերձներ չտարածել: Ամեն ինչ անել, որ փետրվարի 21-ը լուռ անցնի, ինչպես արեցին ՀՀ պետական այրերը։
ՀՀ իշխանությունները՝ ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ ԱԺ նախագահի մակարդակով բառ չասացին այդ օրը, ուղերձներ չտարածեցին, հարգանքի տուրք չմատուցեցին։ Մինչդեռ Շահրամանյանը, անտեսելով զգուշացումները, այցելեց Եռաբլուր, նրա հետ էին ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, արցախցի այլ գործիչներ, որոնք նաեւ հարցազրույցներ տվեցին։
Ապա, մեր տեղեկություններով, Արցախի տեղեկատվական շտաբում նաեւ հավաք է անցկացվել՝ արցախյան շարժման հիմնադիրների մասնակցությամբ, եւ կոշտ քննադատություններ են հնչել իշխանությունների հասցեին։ Շահրամանյանի թիկնապահի հետ կապված միջադեպը (լրագրողին ուղղված հայհոյանքը) ուղղակի «նվեր» էր իշխանություններին, որը նրանք լիուլի օգտագործեցին հակաարցախյան ալիք բարձրացնելու համար: Եվ դրա ֆոնին նաեւ հնարավոր դարձավ Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտե կանչելը եւ հանրությանը ներկայացնելը, թե արցախցիները «նարկոման են ու հանցագործ», հայհոյող թիկնապահներով են շրջում: Նախագահի թիկնապահը, որը նաեւ սամբոյի աշխարհի երկակի չեմպիոն է, 2 օր ձերբակալված էր՝ երեկ ազատ արձակվեց, խուզարկությամբ ո՛չ նրա ավտոմեքենայում, ո՛չ տանը չթույլատրվող իրեր չեն հայտնաբերվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում