Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Ներքին Հանդ գյուղի մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը և դրա հետ կապված ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։
Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԵՄ դիտորդական առաքելության, մուտք ունի Ներքին Հանդի սահմանային հատված, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը:
ՌԴ դեսպանը կարծում է, որ Ռուսաստանի հասցեին քննադատական դիտողությունները չափազանց միակողմանի են։ Նրա մոտ հարց է առաջանում` ինչ է նշանակում «չկարողացավ կանխել»։
«Իհարկե, պաշտոնապես հետաքննության արդյունքները (գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը – խմբ.), որոնց մասին ասել է հայկական կողմը, դեռ չի հրապարակվել, բայց ԶԼՄ-ներում արդեն գրվել է, որ միջադեպի սկիզբը հայկական կողմի կրակոցն է եղել։ Ընդ որում, կրակողը նույնիսկ զինծառայող չի եղել, այլ Երկրապահ կամավորական ջոկատի անդամ։ Հավանաբար, դա կամավորների շարքերում կարգապահության հարց է։ Հայտնի է, որ ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են խաղացել էսկալացիա թույլ չտալու հարցում», — նշել է նա։
Դիվանագետն անազնիվ է համարում սահմանապահներին մեղադրել միջադեպը չկանխելու մեջ: Եվ երբ Կոպիրկինն այդ ամենը դիտարկում է ռուս խաղաղապահների, սահմանապահների նկատմամբ հնչող զանգվածային քննադատության համատեքստում, երբ այդ ամենը դրվում է հայկական կողմի ՝ տարածաշրջանում կարգավորման հարցում Ռուսաստանի հետ աշխատելու անպատրաստ լինելու համատեքստում, ապա, իհարկե, նրա մոտ հարցեր են առաջանում։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։